Վիրուսային հիվանդությունները հակաբիոտիկներով չեն բուժվում

ՌՌոզա Խաչատրյան

Վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով, դրանք բուժվում են հակավիրուսային դեղորայքով: Մասնագետները հիշեցնում են՝ հակաբիոտիկների հետ զուգահեռ չկիրառել Ֆլյուկոնազոլ դեղամիջոցը:

Ռոմելլա Աբովյան (ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Հիմնական խնդիրն այն է, որ այդպիսի դեղամիջոցներ կիրառելու հետևանքով մանրէները ձեռք են բերում կայունություն, և կարող է գալ մի ժամանակ, որ այդ հիմնական անտիբոտիկների խումբը սպառվի, և տարրական վարակիչ հիվանդությանը չօգնելու պարագայում ունենանք անգամ մահվան դեպքեր:

Եթե մանրէները ձեռք են բերում կայունություն կոնկրետ դեղորայքի նկատմամբ, այն ուղղակի դադարում է բուժել հիվանդությունը: Պատահում է, երբ հակաբիոտիկներն օգտագործվում են ոչ ճիշտ ու նպատակային:

Ռոմելլա Աբովյան - Առաջնային պահպանման օղակում կատարվել են ուսումնասիրություններ, շատ դեպքերում առաջին իսկ օրվանից նշանակվում էին հակաբիոտիկներ, որոնք բացարձակ պետք չէին այդ պահին, և այդ հակաբիոտիկները, ցավոք, եթե ոչ նպատակային են, վատթարացնում են պացիենտի վիճակը:

Համավարակով պայմանավորված՝ հակաբիոտիկների կիրառումը վերջին շրջանում մեծացել է:

Սամվել Հայրումյան (ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու) - Երբ նոր էր սկսվել համավարակը, սկզբում նույնիսկ ուղեցույցով «Ազիթրոմիցին» հակաբիոտիկն ընդգրկված էր հիմնական դեղերի մեջ, որոնք նշանակում են, սակայն 1-2 ամիս անց պարզվեց, որ դրա նշանակումն արդյունավետ չէ:

Քանի որ կորոնավիրուսային թոքաբորբերի գրեթե 90 տոկոս դեպքերում բորբոքումը պայմանավորված է միայն վիրուսով, հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա: Հակաբիոտիկների նշանակման կարիք լինում է երկրորդային բակտերիալ վարակի դեպքում: Դեղերի գործակալության ուսումնասիրության համաձայն՝ 2020-21 թթ. սպառման տեսանկյունից գերակշռել են «Ազիթոմիցին» և հակասնկային «Ֆլյուկոնազոլ» դեղամիջոցները:

Ռոմելլա Աբովյան - Մենք ունենք 3-րդ շարքի հակաբիոտիկներ, որից այն կողմ այլ խումբ գոյություն չունի, այսինքն՝ եթե մենք անընդհատ ռեզերվային հակաբիոտիկ ենք կիրառում և ունենանք կայունություն, արդյունքն այն է, որ սովորական վարակիչ հիվանդությունների դեպքում էլ բուժում չենք կարողանա ապահովել:

Ուսումնասիրությունների համաձայն՝ աշխարհում տարեկան շուրջ 700 հազար մահ է լինում հակաբիոտիկականության հետևանքով, եթե այս տեմպը շարունակվի, 2030-40 թթ. մահերի թիվը կկազմի 10-12 մլն՝ ավելի շատ, քան ուռուցքային հիվանդություններից մահերը:

Սամվել Հայրումյան - Եթե պետք է հակաբակտերիալ դեղ նշանակել, պետք է սկսել ամենապարզ հակաբակտերիալ միջոցներից. սրանք ավելի մատչելի են և ավելի քիչ կողմնային ազդեցություններով, և ոչ թե միանգամից սկսել երրորդ շարքի ռեզերվային անտիբիոտիկներով:

Կորոնավիրուսային իրավիճակին անդրադառնալով՝ Աբովյանը նշեց՝ մեր երկրում այն շարունակում է լարված մնալ՝ չնայած նկատվում է արձանագրվող դեպքերի թվի կրճատում 40-50 տոկոսով:

Ռոմելլա Աբովյան - Տեմպերը ցածր են, բայց պետք է նշեմ, որ սա պայմանավորված է երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատություններում եղած արձակուրդով և որոշ դեպքերում դասընթացները հեռավար անցկացնելով: Այդ որոշումն ուղղված է եղել մարդկային շփումների նվազեցմանը, այդ ժամանակահատվածում հանրային տրանսպորտն է նաև թերծանրաբեռնված աշխատել, մարդկային կուտակումներ են քիչ եղել, ինչը բերում է թվերի նվազեցմանը:

Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից ցածր է, կազմում է 0.5-0.6: Պատվաստումային պրոցեսն էլ բավականին լավ տեմպերով է ընթանում: Չնայած դրան՝ մասնագետը տեղեկացրեց՝ նախատեսվում է դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստ կատարելու պահանջը աշխատողների համար 14 օրը մեկ ժամանակահատվածի փոխարեն սահմանել 7 օրը մեկ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում