ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը. Աղաջանյանը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ ՌԴ առաջարկի մասին

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, անդրադարձել է են երեկ Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով:

Վարչապետն ասել էր, որ 3 առաջարկ է հնչել ՌԴ կողմից, և 3 առաջարկն էլ Հայաստանի համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ:

«Այդ մասին նաև գրավոր ծանուցվել է ՌԴ-ն: Խոսքը մեր կողմից համաձայնության մասին է: Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին:

ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ն հետաքրքրված և շահագրգռված է այս գործընթացը սկսել: Խոսքը, բնականաբար, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մասին է»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին: ՀՀ-ն տվել է իր համաձայնությունն այդ այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար»,- ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ Ռուսաստանը ռազմական օգնության վերաբերյալ Հայաստանի հերթական դիմումին արձագանքեց դելիմիտացիայի և դեմարկացիայի հերթական առաջարկով, արդյոք Հայաստանը շարունակո՞ւմ է ՌԴ-ից ակնկալել ռազմական օգնություն, Աղաջանյանը պատասխանեց՝ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ այն առաջարկը, որը մենք քննարկում ենք: Ակնկալվում է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում այդ խնդիրը կլուծվի, և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Ինքնանպատակ չէ ռազմական օգնությունը կամ Ռուսաստանի ռազմական միջամտությունը: Կարևորագույն խնդիր է այս պահին ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը: Դելիմիտացիան և դեմարկացիան այն գործիքներից մեկն է, որը կապահովի այդ արդյունքը»,- ընդգծեց Աղաջանյանը:

Անդրանիկ Քոչարյանն էլ հիշեցրեց, որ գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համաձայնագիր, Ռուսաստանը հրադարարի ռեժիմի պահպանման երաշխավորն է:

«Դրա համար էլ Ռուսաստանն անելիք ունի, նույնիսկ չդիմելու պարագայում էլ այդ համագործակցությունը պետք է անմիջապես իրականություն դառնար: Մենք պահանջ չենք ներկայացնում, պարզապես ուզում ենք, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան»,- նշեց Քոչարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում