Սահմանամերձ Կիրանց գյուղում առաջին անգամ դպրոց է կառուցվում
Սահմանային Կիրանց գյուղում մեկնարկել է դպրոցի նոր շենքի կառուցումը: Հողային աշխատանքը մոտենում է ավարտին, շինարարությունը կսկսվի մոտ 2 շաբաթից:
Արսեն Մամյան (աշխղեկ) - Արվել ա հողային աշխատանքի գրեթե 80 տոկոսը, դպրոցի շենքը կզբաղեցնի էս ամբողջ հարթեցված տարածքը, կա նաև արևային մարտկոցների կայան, փոքր ջերմոց՝ դպրոցի համար, նախատեսված է մարզադահլիճ:
Դպրոցի շենք գյուղը երբևէ չի ունեցել: Կիրանցի երեխաները ուսում են առել նախ՝ հարևան գյուղերի դպրոցներում, հետո էլ՝ տարբեր հարմարեցված շինություններում: Դպրոցի դժվար ճամփան լավ գիտի տնօրենը՝ սեփական փորձով:
Վոլոդյա Բաբինյան (Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն) - Ես ընդունվել եմ 1971 թ․, 3-րդ դասարանից հետո 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանները Աճարկուտ ենք գնացել, դրանից հետո՝ Սարիգյուղ՝ 9-10-րդ դասարանները, մինչև 80-ականներ:
Մանկապարտեզի համար կառուցված այս շենքում են արդեն 24 տարի: 80-ականների կառույց է, չի հիմնանորոգվել, տնօրենի խոսքով՝ մտահոգիչը օրեցօր աճող վտանգն է, ինչի մասին հուշում են պատերի՝ ամենուր երևացող մեծ ու փոքր ճաքերը:
Վոլոդյա Բաբինյան - Շենքի մի հատվածը 4-րդ կարգի վթարայնություն ունի, մյուս հատվածը՝ 3-րդ կարգի, որի համար կա համապատասխան եզրակացություն, և պահանջ առաջացավ, որպեսզի նոր շենք ունենանք, քանի որ սա վտանգավոր էր: Էդ հատվածը, որ 4-րդ կարգի վթարայնություն ունի, ուրիշ լուծում տվեցինք, տեղափոխվեցինք համայնքային հանդիսությունների դահլիճ՝ ժամանակավորապես:
Իր աշխատասենյակը ևս տնօրենը դարձրել է դասասենյակ, աշխատասեղանը ուսուցչանոցի մի անկյունում է: Դպրոցն ունի 8 դասասենյակ, 41 աշակերտ, այս տարի՝ 2-ով ավելի:
Կիրանցում ասում են՝ նոր դպրոցի կառուցումը համայնքի ամենասպասված իրադարձությունն է: Իրականացվում է կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրով, նախատեսված գումարը 600 մլն դրամից ավելի է:
Վոլոդյա Բաբինյան - Նոր շենքը տիպային մոդուլային շենք է, ապահովված կլինի ուսումնանյութատեխնիկական բազայով, լաբորատորիայով և հարմարավետ մնացած պայմաններով, վերջապես, մեր համայնքի երեխաները, աշխատողները կունենան լավ պայմաններ:
Եվս 2 տարի, և դպրոցական զանգը կհնչի ուրիշ հարկի տակ, ուրիշ պայմաններում: Այսքան դիմացել ենք, 2 տարի էլ կդիմանանք՝ ասում են ուսուցիչները:













