«Մոնա Լիզայի» կրկնօրինակը հանվում է աճուրդի | Այլ լուրեր

ՄՄարո Թարվերդյան

ՄԵՔՍԻԿԱ

ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՕՐԸ

Մեքսիկայում մահացածների օրվա շրջանակում գիշերը մոմերով լուսավորվող գերեզմանատներում վերամիավորվել են ողջերն ու մահացածները: Մեքսիկայի Մետեպեկ քաղաքի գերեզմանոցում մարդիկ ծաղիկներով ու մոմերով են զարդարել իրենց հարազատների շիրիմները: Ուտելիք ու խմիչք են բերել ու ամբողջ գիշեր նշել Մահացածների տոնը: Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենամյա այս միջոցառումը չի անցկացվել:

ՍԻՆԴԻ ՔԵՄՓԻՐԱԼ (ԳՈՐԾԱՐԱՐ)  - «Մեքսիկացիները հավատում են, որ այսօր հոգիներն իջնում են և այցելում մեզ: Մենք այս ամբողջ տոնակատարությունը նրանց համար ենք կազմակերպում: Սա ընդամենը հոգևոր տոն է: Մենք բերում ենք բոլոր այն կերակրատեսակները, որոնք նրանք սիրում էին կենդանության օրոք»:

Մահացածների տոնը կապված է նախաիսպանական ավանդույթների հետ: Մարդիկ համոզված են, որ տարին մեկ անգամ իրենց մահացած բարեկամները վերադառնում են անդրաշխարհից: Ավանդաբար ընտանիքները զոհասեղաններ են զարդարում, դրանց վրա ծաղիկներ, քաղցրավենիք ու տեկիլա են դնում, որպեսզի մահացածները կարողանան գտնել իրենց տուն վերադառնալու ճանապարհը:

Մահացածների տոնը մեծ շուքով նշել են նաև մայրաքաղաք Մեխիկոյում: Գլխավոր պողոտայում շքեղ ու բավականին աշխույժ շքերթ է անցկացվել: Տեղացիները մեծ կարոտով են մասնակցում դրան, քանի որ անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենամյա միջոցառումը տեղի չէր ունեցել:

ԳՎԱՏԵՄԱԼԱ

ՀՍԿԱ ՕԴԱՊԱՐՈՒԿՆԵՐ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Գվատեմալայի Սանտյագո Սակատեպեկես քաղաքը տոնել է Մահացածների օրը: Տեղացիները հսկա ու գունագեղ օդապարուկներ են պատրաստել և կանգնեցրել, իսկ ավելի փոքրերը բաց են թողել երկինք:

Դրանք բոլորը ձեռագործ աշխատանքներ են, ամիսների չարչարանքի արդյունք են, հիմնականում 20 մետր բարձրություն ունեն:

Գվատեմալայի հավատացյալների համար այս հատուկ ժամանակահատվածում ողջերի և մահացածների միջև աշխարհները միանում են իրար, և մարդիկ սկսում են հաղորդագրություններ գրել իրենց մահացած հարազատներին և դրանք ամրացնել օդապարուկների պոչերին: Նրանք համոզված են, որ այդ ուղերձները երկնքում մահացածներին են փոխանցում: Հիմնականում գրում են, որ կարոտում են նրանց և վստահեցնում, որ կօգնեն նրանց հոգիներին մի կարճ ժամանակով երկնքից երկիր իջնել:

ԲՐԵՆԴԱ ՌՈՒՄՈՒԱԼԴԱ (ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՏՈՆԻ «ՔԱՄՈՒ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ») - «Չնայած համաճարակին, մենք միշտ հիշում ենք մեր տատիկներին ու պապիկներին: Օդապարուկն ուղերձի պես մի բան է, որ երկինք արձակելով ուղարկում ենք մեր տատիկ-պապիկներին, որոնք այլևս մեզ հետ չեն: Թեև կորոնավիրուս է, բայց երիտասարդներն այստեղ են և շարունակում են օդապարուկներ պատրաստել»:  

Գվատեմալայում գերեզմանատներից դուրս օդապարուկներ թռցնելու ավանդույթը հարյուրամյակի պատմություն ունի: Գվատեմալացիները հավատում են, որ օդապարուկները շարժվում են քամու օգնությամբ, ուստի մահացածների հոգիներն են դրանց առաջնորդում մինչև ցերեկը ժամը 4-ը, հետո ընտանիքի անդամները հավաքվում են տանը՝ համոզված լինելով, որ վայելում են իրենց մահացած հարազատների ներկայությունը:

ԻՐԱՔ

2700 ՏԱՐԵԿԱՆ ԳԻՆՈՒ ՀՆՁԱՆ՝ ԻՐԱՔՈՒՄ

Հնագետները Հյուսիսային Միջագետքի տարածքում, որը ներկայիս Իրաքի Դոհուկ բնակավայրի տարածքն է, գինու՝ ավելի քան 2700 տարվա վաղեմության հնձան են հայտնաբերել: Նրանք համոզված են, որ դա աշխարհում ամենահինն է: Մինչդեռ Հայաստանում, մասնավորապես Արենի գյուղի մերձակայքում հայտնաբերված գինու հնձանն ունի ավելի քան 6 հազար տարվա պատմություն: Իրաքի գինու հնձանն, ամենայն հավանականությամբ, գործել է այն ժամանակ, երբ Ասորեստանի իշխող կայսերական էլիտայի շրջանում գինու հանդեպ պահանջարկը բավականին մեծ է եղել: Հատկապես հարուստներն այդ խմիչքը շատ են օգտագործել տարբեր ծեսերի ժամանակ:

Աշխարհի հնագույն կայսրություններից մեկը՝ Ասորեստանը, տեղակայված է եղել Միջագետքի հյուսիսում, որտեղ ժամանակակից Իրաքի մեծ մասն ու Իրանի, Քուվեյթի, Սիրիայի և Թուրքիայի մի փոքր մասն են գտնվում:

Հնագետներին հաջողվել է գտնել ժայռերի մեջ փորագրված 14 կայանք: Վերին քառակուսի ավազանները մարդիկ, ամենայն հավանականությամբ, օգտագործել են խաղողը ոտքերով ճզմելու համար, որպեսզի հյութը դուրս գա և թափվի ստորին հատվածում գտնվող շրջանաձև ավազանների մեջ: Այնուհետև խաղողի հյութը լցրել են տարաների մեջ, որտեղ այն խմորվել է, դարձել գինի, որը մեծ քանակությամբ վաճառվել է:  

Իրաքի գինու հնձանը հայտնաբերողները մտադիր են այն ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  

ԹՈՒՆԻՍ

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ ՎՐԱ

Թունիսցի նկարչուհի Զոհրա Զարուգին վրձինների նուրբ շարժումներով վառ գույնի նախշեր է ցողում յուղոտ ջրով լցված թավայի մեջ:

Նա արվեստի բացառիկ գործեր է ստեղծում` օգտագործելով քչերին հայտնի մարմարապատման արվեստի տեխնիկան: Այն տարածված է հիմնականում Կենտրոնական Ասիայում և կոչվում է «Էբրու»:

Նկարիչը «նկարում է ջրի վրա»` օգտագործելով ներկանյութեր, յուղոտ ջրի մակերևույթ և նկարչական տարբեր գործիքներ: Պատրաստի պտտվող նախշերը տեղափոխվում են ջրի մեջ թաթախված թղթի, կտավի կամ կտորի վրա:

Զարուգին արտասահմանում է ուսումնասիրել արվեստի այս ձևը: Այժմ այն կիրառում է իր խոհանոցում` ստեղծելով արվեստի գործեր և ոգեշնչվելով արաբական աշխարհի հին քաղաքների տարբեր նախշերով:

ԶՈՀՐԱ ԶԱՐՈՒԳԻ (ՆԿԱՐՉՈՒՀԻ) - «Ինձանից տարիներ են պահանջվել, մինչև կարողացել եմ բազմաթիվ հետազոտություններ անցկացնել` այս արվեստի պատմությունը վերհանելու, տեխնիկան ու մեթոդներն ուսումնասիրելու համար: Արտասահմանում ես մեծ փորձ եմ ունեցել, մինչև կարողացել եմ տիրապետել այս գործին: Զոհողություն և քաջություն է պահանջվել ինձանից այս ամենին հասնելու համար»:  

Արվեստի այս ձևը Թունիսում չի ուսուցանվում: Զարուգին հույս ունի այն հայտնի դարձնել, մարդկանց ուշադրությունը գրավել այս հազվագյուտ գեղեցկության վրա և ուրիշներին էլ ոգեշնչել սովորել այն: Երիտասարդ նկարչուհին իր աշխատանքները ներկայացրել է տարբեր ցուցահանդեսներում, երբեմն էլ վարպետության դասեր է անցկացրել:

ԱՄՆ

ԴԴՄԻ ՓՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐՋՐՅԱ ՄՐՑՈՒՅԹ

Ֆլորիդայի Քի Լարգո քաղաքում մեկ տասնյակից ավելի ջրասուզակներ դանակներով ու դդումներով սուզվել են ջրի հատակը: Նպատակն անմեղ է ու բարի. նրանք մասնակցել են ջրի տակ դդումներ փորագրելու մրցույթին: Հաղթող է ճանաչվել Դեն Էյդսմոյեն` Չիկագոյից: Ջրի տակ մասնակիցները մրցել են ծովային կենդանիների հարևանությամբ, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևել են ամբողջ գործընթացին` հույս ունենալով արժանանալ ճոխ հյուրասիրության:

ԱՄԷ

ԱԴԱՄԱՆԴԵ ՇԵՐՏՈՎ ՆԿԱՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Ավելի քան 10 հազար ադամանդով զարդարված և առնվազն 1.5 միլիոն ֆունտ արժողությամբ նկարի շրջանակը հեղինակի` հայտնի նկարչուհի Դեբի Ուինեմի հավաստամամբ, ամենաթանկն է ամբողջ աշխարհում: Նա նկարի շրջանակը պատրաստել է հռոմեական թվերով ժամացույցի պատկերով:

Ուինեմի աշխատանքներն իսկապես ռեկորդային բարձր գնով են վաճառվում: Նա հայտնի է հատկապես նորաձևության աշխարհում իր աշխատանքներով և տորթերի ձևավորմամբ:

Նկարի թանկարժեք շրջանակն առաջին անգամ ցուցադրվել է Դուբայում: Հեղինակն օգտագործել է վերամշակված մետաղ և ադամանդ, իսկ նկարում Դուբայում կառուցված աշխարհի ամենաբարձր շենքն է՝ Բուրջ Խալիֆան: Կտավի հեղինակը նույնպես Դեբի Ուինեմն է: Նա նկարը պատել է պլատինի փոշով՝ լրացուցիչ փայլ հաղորդելով իր՝ առանց այն էլ շլացուցիչ աշխատանքին:

ԴԵԲԻ ՈՒԻՆԵՄ (ԱՐՎԵՍՏԱԳԵՏ) - «Սա չափազանց փայլփլուն է, բայց այլ բան չէիք էլ կարող սպասել մի հեղինակից, որի գործերն ամենաթանկն են վաճառվում ամբողջ աշխարհում: Սակայն ես փորձել եմ հավասարակշռություն մտցնել իմ աշխատանքում՝ վերամշակված մետաղը համադրելով ժամանակակիցի ու նոր փայլի հետ»:  

Ուինեմը չի կատակում կամ չափազանցնում՝ ասելով, որ իր աշխատանքներն ամենաթանկն են վաճառվում ամբողջ աշխարհում: 2015 թվականին նա 75 միլիոն դոլարանոց տորթ է վաճառել, 2018-ին վաճառել է 1 միլիոն դոլարանոց տորթ, որը մարդու իրական չափսերի է եղել, 2017-ին էլ վաճառած կոշիկը 15 միլիոն դոլար արժեր:

Իսկ նկարի շրջանակի պատրաստման համար օգտագործել է չորս կարատանոց 5 սպիտակ ադամանդ, որոնցից յուրաքանչյուրն արժե 250 հազար Ֆունտ ստեռլինգ և մեկ շափյուղա, որը 6 կարատանոց է՝ 80 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ: 

ՇՎԵՅՑԱՐԻԱ

ՎԻՆՁՈՐԻ ԴՔՍՈՒՀԻ ՄԱՐԻ ԱՆՏՈՒԱՆԵՏԻ ԶԱՐԴԵՐԸ ՆՈՐ ՏԵՐԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Ադամանդե ապարանջանները, որոնք պատկանել են Մարի Անտուանետին և հազվագյուտ ադամանդներ ունեն, աճուրդի են հանվել Ժնևի Քրիստիում: Ապարանջանները երկուսն են, յուրաքանչյուրը երեք շարք ադամանդից և մեծ ճարմանդից է բաղկացած: Ընդհանուր առմամբ, օգտագործվել է 112 ադամանդի քար:

Ապարանջանները, որոնք պատկանում են եվրոպական թագավորական ընտանիքին, գնահատվում են 2-4 միլիոն դոլար:

Աճուրդի կազմակերպիչները, սակայն, ակնկալում են, որ շատ ավելի բարձր գնով կվաճառվեն:

Քրիստիից հայտնել են, որ Մարի Անտուանետի ողջ մնացած դուստրը՝ Մարի Թերեզը, զարդերն ստացել է Ավստրիա ժամանելուն պես:

ՄԱՔՍ ՖՈՍԵՏ (ՔՐԻՍՏԻ ԱՃՈՒՐԴԻ ՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ) - «Այս զարդերն իսկապես երբեք չեն լքել արքայական տան անդամների ձեռքերը: Սրանք Ֆրանսիայի պատմության մի մասն են: Թագավորական պալատում մնացել են ավելի քան 200 տարի: Մեր օրերում այսքան բարձր որակի և շքեղության զարդեր գտնել ու աճուրդի հանելն իսկապես մեծ ձեռքբերում է: Նույնիսկ հիմա այսքան բարձրորակ զարդեր պատրաստելը շատ դժվար է»:

Թագավորական ապարանջանի հետ մեկտեղ Քրիստին կառաջարկի նաև 6.75 կարատանոց վարդագույն ադամանդով մատանի, որը գնահատվել է 10 միլիոն շվեյցարական ֆրանկ: Կառաջարկվեն նաև դեղին ադամանդով մատանի՝ 4 միլիոն շվեյցարական ֆրանկ և ադամանդե քար՝ 5 միլիոն շվեյցարական ֆրանկ նախնական արժեքներով:

ՍԻՐԻԱ

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԵՋ

Դեն մի նետեք ձիթապտղի կորիզները, քանի որ սիրիացի այս նկարիչը դրանք օգտագործում է՝ արվեստի բացառիկ գործեր ստեղծելու նպատակով: Նա դրանք խնամքով տեղադրում է կտավի վրա՝ ստանալով եռաչափ ինքնատիպ լանդշաֆտներ և տեսարժան վայրեր:

50-ամյա Մազեն Շիբանին կորիզներն ամրացնում է տախտակի վրա: Երբեմն մեկ ավարտուն աշխատանքի համար 94 հազար կորիզ է օգտագործում:

Նա ժամանակին ունեցել է տպարան, որը կորցրել է պատերազմի տարիներին: Այժմ Դամասկոսում մի փոքր խանութ է վարձել ու աշխատում է այնտեղ՝ որպես վաճառող:  

Արվեստով հետաքրքրվել է մանուկ հասակից, սակայն դրանով լրջորեն զբաղվելու ժամանակ չի ունեցել: Իսկ հիմա, երբ հաճախորդներ չի ունենում, կարողանում է ազատ ժամանակը ծախսել արվեստի այս գործերը կյանքի կոչելու համար: Ձիթապտղի կորիզով օգնում են ընկերները, հարևաններն ու բարեկամները: Մազենի շրջապատի մարդիկ լավ գիտեն, որ ձիապտուղ ուտելիս կորիզը ոչ մի դեպքում դեն նետել չեն կարող:

Երեք երեխաների հայրը փորձել է իր սիրած զբաղմունքը սովորեցնել նաև երեխաներին, սակայն նրանք, հասկանալով, որ այս գործն այնքան էլ եկամտաբեր չէ, հրաժարվել են:

ՄԱԶԵՆ ՇԻԲԱՆԻ (ԱՐՎԵՍՏԱԳԵՏ) - «Քիչ են մարդիկ, որոնք գնում են իմ աշխատանքներից: Ես ուղղակի սիրում եմ այս գործը: Իմ անձնական գումարից եմ ներդնում՝ անհրաժեշտ պարագաներ գնելու համար, մինչդեռ այդ գումարը կարող էի ծախսել ընտանիքիս ու երեխաներիս համար»:  

Մազենը նույնպես գիտակցում է, որ այս գործով չի կարող բավականաչափ գումար վաստակել՝ ընտանքի և իր կարիքները հոգալու համար, սակայն վստահեցնում է, որ սա միակ զբաղմունքն է, որ իրեն ստիպում է մի կարճ ժամանակով մոռանալ անցյալի արհավիրքն ու ներկայի գորշ իրականությունը:

ՆԻԳԵՐ

ԳԵՂԵԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նիգերում ապրող 22-ամյա Բեջին ու նրա ընկերները դեղին, կարմիր և սպիտակ կավով են ներկում իրենց դեմքերը, կարգի են բերում հանդերձանքը, որտեղ իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում ուլունքները:

Նրանք պատրաստվում են Նիգերում անցկացվող գեղեցկության ավանդական ամենամյա մրցույթին, որը հայտնի է Գերեվոլ անվամբ: Հերտաքրքիրն այն է, որ այստեղ մրցույթին մասնակցում են բացառապես տղամարդիկ, իսկ լավագույնին ընտրում են կանայք:

Մասնակիցները ժամեր շարունակ պարում են կանանց համար: Ժյուրիի կին անդամներն էլ մրցակիցներին դատում են՝ հաշվի առնելով ոչ միայն նրանց արտաքինը, այլև ելույթի ժամանակ փորձում են հասկանալ, թե նրանք ինչպիսի ամուսին կարող են լինել ապագայում:

Բեջին լիահույս է, որ այս տարի իր շանսերը բավականին մեծ են:

ԲԵՋԻ (ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ) - «Այս անգամ կարծում եմ, որ հաղթելու եմ, քանի որ իմ մրցակիցները ծեր են, նրանց ժամանակն անցել է, մինչդեռ ես շատ կուզենայի հաղթել, քանի որ բավականին գեղեցիկ եմ»:

Ժյուրիի անդամներին գրավելու համար տղամարդիկ պետք է բարձրահասակ ու բարեկազմ լինեն, դեմքի համաչափություն և լավ ատամնաշար ունենան: Հաղթողին ընտրելու մեխանիզմները, այլ երկրների համեմատ, Նիգերում, մեղմ ասած, մի փոքր տարօրինակ են: Որպեսզի հասկանան, թե ով է լավագույնը, ժյուրիի անդամները կարող են նույնիսկ գիշեր անցկացնել մասնակցիների հետ, անգամ այն դեպքում, եթե երկու կողմն էլ ամուսնացած է:

Այս տարի Բեջին ընդամենը 5-րդն է, սակայն, նա շատ չի տխրել, քանի որ ժյուրիի անդամներից մեկն, ամեն դեպքում, նրան, այսպես ասած, «մոտիկից ճանաչելու» ցանկություն է հայտնել:

ՖՐԱՆՍԻԱ

«ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ» ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՎՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Լեոնարդո Դա Վինչիի Ջոկոնդայի կրկնօրինակը, որը ստեղծվել է 400 տարի առաջ, աճուրդի է հանվել Փարիզում: Իսկ բնօրինակը, որը Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Առաջինը նկարչից գնել է 1518 թվականին, Փարիզի Լուվրի թանգարանում է և չի վաճառվում:

Մինչդեռ աճուրդի հանված կրկնօրինակը թվագրվում է 1600 թվականով և բնօրինակին շատ նման է: Ամենայն հավանականությամբ, աշխարհահռչակ ստեղծագործության պատճենը կվաճառվի 150-200 հազար եվրոյով:

ՄԱՏՅԵ ՖՈՒՐՆԻԵ («ԱՐՏԿՈՒՐԻԱԼ» ԱՃՈՒՐԴԻ ՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ) - «Մոնա Լիզան գեղանկարչության մեջ իմ հանդիպած ամենագեղեցիկ կինն է: Սա արևմտյան արվեստի պատմության մեջ ամենահայտնի կտավն է: Միակ գործն է, որի մասին կարելի է խոսել նույնիսկ ռադիոյով, և ոչինչ նկարագրել պետք չէ, այն բոլորն են ճանաչում և ցանկանում ձեռք բերել»:

Այս տարվա հունիսին եվրոպացի մի հավաքորդ Մոնա Լիզայի մեկ այլ կրկնօրինակ ձեռք էր բերել 2.9 միլիոն եվրոյով: Փարիզի Քրիստի աճուրդի տանը դա նկարի կրկնօրինակի համար վճարված ռեկորդային գին էր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում