Բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը խախտումների նվազման վրա մեծ ազդեցություն է ունեցել

ՀՀովհաննես Վարդանյան

Մալաթիա-Սեբաստիայում հասարակական տրանսպորտն ու տաքսիներն այսօր տեսչական մարմնի խոշորացույցի տակ էին: Փողոցի աջ և ձախ կողմերում պարեկները ստուգում էին ոչ միայն դիմակների ու ախտահանիչ միջոցների առկայությունը, այլև վարորդական փաստաթղթերը: Տեսչականից դրական միտումներ են նկատում.

Արտակ Ֆիդանյան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության գլխավոր մասնագետ) - Բավականին կրճատվել են խախտումները: Մասնավորապես, մեր կողմից արձանագրված խախտումները վերաբերում են վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելուն. դա, ըստ վերջին մեկ շաբաթվա ուսումնասիրությունների, 5-ից 6 անգամ արդեն իսկ կրճատվել են:

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշումը, ըստ որի՝ բաց տարածքներում նույնպես պետք է դիմակ կրել, տեսուչների խոսքով՝ խախտումների նվազման վրա մեծ ազդեցություն է ունեցել: Քաղաքային տրանսպորտը, մինչդեռ, շարունակում է գերբեռնված երթևեկել: Տեսուչները փաստը արձանագրում, ուղևորներին իջեցնում, արձանագրություն են կազմում.

«Դե, մի վայրկյան սպասեք:

- Ինչը «մի վայրկյան սպասեք»: Աշխատանքից ուշանումմմ եմ:

Վարորդը խախտում է թույլ տվել: Էդ մարդը ի՞նչ խախտում է թույլ տվել:

- Նստատեղից ավել ուղևորներ է տեղափոխել»: 

Աշխատանքից ուշացող ուղևորին տեսչականից հիշեցնում են նաև կորոնաիրականության մասին, հորդորում մտածել նախևառաջ իրենց առողջության, հետո նաև՝ համավարակը չտարածելու մասին: Գերբեռնված երթևեկություն իրականացնելու համար մի քանի ժամում տասը արձանագրություն կազմվեց:

Բենիկ Ֆահրադյան (Պարեկային ծառայության կրտսեր պարեկ) - Նախատեսվածից ավել ուղևորներ էին, հորդորեցինք, խնդրեցինք, պահանջեցինք, որպեսզի իջնեն մեքենայից, և վարորդի նկատմամբ կկիրառվի վարչական արձանագրություն, կսահմանվի տուգանք: 

Խնդիրը տեսչականում ուսումնասիրել են, պատճառների մասին լավ գիտեն: Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի փորձագետի խոսքով՝ նոր տրանսպորտային միջոցներ համալրելու դեպքում կկարողանան խնդիրը լուծել:

Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երանի տրանսպորտի անվտանգության բաժնի փորձագետ) - Կան բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որ երթուղին շահագործելու ընթացքում իրենց երթուղուց դուրս են եկել, տրանսպորտային միջոցներ, անսարք լինելու պարագայում թե տարեթիվը լրանալու պայմաններում: Իրենք պետք է լրացնեն իրենց երթուղին ու սահմանված չվացուցակով իրականացնեն ուղևորափոխադրումներ:

Տեսչականից տնտեսվարողներին հիշեցնում են՝ իրենց նպատակը տուգանելը չէ, այլ հանրային գիտակցությունը փոխելը, որ և՛ ուղևորը, և՛ վարորդը գիտակցեն՝ վարակի տարածման ամենամեծ օջախը հանրային տրանսպորտն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում