Երևանի շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի վարորդները առավոտյան հրաժարվել են ղեկին նստել

ԱԱրսեն Մկրտչյան

Երևանի շտապօգնության ծառայության 6-րդ ենթակայանի վարորդները առավոտյան հրաժարվել էին ղեկին նստել: Կանչի չգնալու պատճառը, վարորդների խոսքով՝ ցածր աշխատավարձն է: Երեք օրը մեկ հերթապահության համար ամեն հերթափոխին ստանում են 11300 դրամ: Այսինքն՝ ամսական 10 օր են աշխատում և ստանում 113.000 դրամ:

Ենթակայանի վարիչը վարորդների բողոքն օբյեկտիվ է համարում, սակայն խնդրի լուծման լավագույն միջոցը գործադուլը չէ՝ ասում է Կարինե Եգորյանը:

Կարինե Եգորյան (Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ 6-րդ ենթակայանի վարիչ) - Իհարկե ցածր է աշխատավարձը, բայց եթե այս պահին իրենք կանգնեցին, չգնացին կանչի, աշխատավարձն ավելանալո՞ւ է:

«Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը ծանոթ է բողոքողների պահանջին: Նշում է՝ աշխատավարձերի բարձրացման թեման մշտապես քննարկվում է: Ծառայությունում՝ վարորդից մինչև բուժաշխատող, բոլորի աշխատավարձի վերջին բարձրացումը եղել է 2020 թվականին՝ 10%-ով:

Թագուհի Ստեփանյան (Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն)
- Երբ որ յուրաքանչյուր վարորդ ընդունվում է աշխատանքի, ինքը շատ լավ տեղյակ է լինում՝ ի՛նչ աշխատավարձով է գալիս աշխատանքի, ՛ինչ չափի ծանրաբեռնվածություն է լինելու իր աշխատանքում, որովհետև շտապօգնության աշխատանքը շատ անկանխատեսելի է:

Ստեփանյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե կորոնավիրուսի պատճառով շտապբուժօգնության ծառայության վարորդների ծանրաբեռնվածությունը ավելացել է: Նկատում է՝ կորոնավիրուսով պայմանավորված կանչերի մեծ մասը սպասարկում է Քովիդ կենտրոնը:

2021 թ. հոկտեմբերին Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը սպասարկել է 25275 կանչ, որից կորոնավիրուսի հետ կապված են եղել 2714-ը:

Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով վարորդների բողոքի ակցիային, անընդունելի է որակել այս գերլարված իրավիճակում աշխատանքի առժամանակ դադարեցումը.

«Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարությունը շարունակում է գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստ է լսել ու քննարկել քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը: Վստահ ենք նաև, որ քաղաքապետարանը կապահովի շտապօգնության 1-03 ծառայության բնականոն գործունեությունը»:

Շտապօգնության վարորդների գործադուլը մոտ 6 ժամ տևեց, նրանք համաձայնել են իրենց պահանջները գրավոր ներկայացնել, պայմանով՝ եթե առաջիկա 15 օրվա ընթացքում դրական պատասխան չլինի, կշարունակեն իրենց բողոքի ակցիան։

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում