Արցախում սեպտեմբերից հոկտեմբեր կորոնավարակի դեպքերը մոտ 10 անգամ ավելացել են

ՆՆարեկ Սահակյան

Արցախում քովիդ-19-ի տարածման տեմպը չի թուլանում: Եթե սեպտեմբերին Արցախում գրանցվել էր 97, ապա հոկտեմբերին քովիդ-19-ով վարակվել է 954 մարդ։ Ընթացիկ տարվա 27 մահվան դեպքից 10-ը եղել են հոկտեմբերին: Վարակի տարածման տեմպերը թուլացնելու համար Ստեփանակերտում, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոններում դպրոցականների արձակուրդը երկարաձգվել է:

Միքայել Համբարձումյան (Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ուսումնական գործընթացը դադարեցվում է նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական հաստատություններում, բուհերին հնարավորություն է տրվում՝ իրենք որոշեն՝ ի՛նչ ձևաչափով են աշխատելու: Անցած երկու շաբաթն աշխատել են հիբրիդային ձևերով:

Ասկերան քաղաքում և վարակվածության քիչ դեպքեր ունեցող գյուղերում դպրոցները գործում են հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է, բացառությամբ մինչև 4-րդ դասարանի աշակերտների:

Մարելլա Ավանեսյան (Ասկերանի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Ծնողներին ենք տեղեկացրել՝ առավոտյան չափեք երեխաների ջերմաստիճանը, եթե 36,6-ից բարձր է, թող չհաճախեն: Երկու երեխայի էլ մենք ենք հետ տվել՝ մեկը հազում էր, մյուսը փռշտում էր, չգիտենք՝ ինչ իրավիճակ է տիրում իրենց օրգանիզմում:

Լյուդմիլա Մոսյան (Ասկերանի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Պահպանում են կանոնները հնարավորինս, եղած պահուստային միջոցներով կատարում ենք դռների բռնակների, նստարանների մակերեսները, քլորի հիմքով ախտահանիչ նյութերով:

Համաճարակային իրավիճակը քննարկվել է Արցախի նախագահի հրավիրած խորհրդակցության ընթացքում: Առողջապահության նախարարը պայքարի երեք ուղղություն է առանձնացնում՝ հիգիենայի կանոնների խստիվ պահպանում, տեղային սահմանափակումներ և պատվաստում:

Միքայել Հայրիյան (Արցախի առողջապահության նախարար) - Միակ ճիշտ տարբերակը միանշանակ պատվաստվելն է, որի մասին խոսելն ավելորդ է, քանի որ ամբողջ աշխարհն այսօր պատվաստվում է:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Քանի՞ տեսակի պատվաստանյութ ունենք:

Միքայել Հայրիյան - Չորս տեսակի պատվաստանյութ ունենք՝ «Սինոֆարմ», «Աստրազենեկա», «Սպուտնիկ V» և «Մոդեռնա»:

Թեստերի և դեղորայքի խնդիր Արցախի առողջապահական համակարգը չունի: Լաբորատոր հնարավորությունները սուղ են, բայց հարցը շուտով կլուծվի:

Միքայել Հայրիյան - Վաղը չէ մյուս օրը նախատեսում ենք նոր սարքավորում, այդ թվում՝ անալիզատորներ: Այդ ամենը քննարկել ենք համաճարակաբանության կենտրոնի հետ, պատվերը տրված է:

Խորհրդակցության մասնակիցներին Արցախի նախագահը հանձնարարել է ուժեղացնել հակահամաճարակային միջոցառումները: Եթե կարիք լինի, պետք է պատրաստ լինել նաև լոքդաունի:

Արայիկ Հարությունյան - Ոչ մի միջոցառում՝ 100 հոգի եք որոշում, թե 50, թե 20 հոգի եք անում, դպրոցներ, մանկապարտեզներ, պետական համալսարան, պետական հաստատություններում բաժանել աշխատողների թվաքանակը, մի սենյակում եթե 2 հոգի են աշխատում, մեկը թող չգա աշխատանքի: Դուք ինքներդ որոշումներ կայացրեք:

Արցախում երեկ կատարված 177 թեստից 63-ը դրական են եղել: Այս պահին հիվանդանոցային բուժում է ստանում 160 վարակակիր: Բժիշկների գնահատմամբ՝ 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 71-ը ծանր: Նրանց շարքում կան նաև երիտասարդներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում