Կորոնավիրուսի տարածման վտանգավոր տեմպերը պահպանվում են. երկրներն ահազանգում են

ՄՄերի Ներսիսյան

«Համավարակը կավարտվի, երբ աշխարհը որոշի դրան վերջ տալ»՝ ԱՀԿ գլխավոր տնօրենը տեսաուղերձ է հղել աշխարհին: Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ մեր օրերում մարդիկ արդեն ունեն հնարավոր բոլոր գործիքները համավարակին վերջ տալու համար, բայց կորոնավիրուսը շարունակում է պատուհասել աշխարհը:

Թեդրոս Գեբրեյեսուս (ԱՀԿ տնօրեն) - Մենք ունենք հանրային առողջապահական ոլորտին անհրաժեշտ բոլոր գործիքները, ինչպես նաև բժշկական արդյունավետ միջոցներ, բայց դրանք հավասարապես բաշխված չեն: Համավարակի ավարտը դեռ մոտ չէ: Հիմա առավել քան զգուշավոր ու զգոն պետք է լինել: Ամեն բան մեր ձեռքերում է:

250 միլիոն վարակման, գրեթե 5 միլիոն մահվան դեպք. աշխարհը պատուհասած կորոնավիճակագրությունն է: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, երրորդ հորիզոնականում Բրազիլիան է:

Տակեշի Կասաի (ԱՀԿ Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասի տնօրեն) - Հիմա պետք է կենտրոնանալ այն քայլերի վրա, որոնց օգնությամբ կարող ենք նվազեցնել համավարակի տարածումը, կորոնավիրուսի նոր ավելի վտանգավոր տեսակների առաջացումը:

Կորոնավիրուսի նոր շտամների առաջացումը կանխարգելելու համար պետք է պատվաստվել՝ Գերմանիայի առողջապահության նախարարի համոզմունքն է: Յենս Շպանը կյանքի բնականոն հունին վերադառնալու համար խորհուրդ է տալիս պատվաստման գործընթացը չհետաձգել:

Յենս Շպան (Գերմանիայի առողջապահության նախարար) - Մի բան պարզ է, պատվաստված մարդկանց համար կյանքն ավելի հեշտ է դառնում: Պատվաստվածների համար չեն լինելու սահմանափակումներ, նրանք պաշտպանված են ու ապահով: Հուսանք նոր ավելի վտանգավոր շտամեր ի հայտ չեն գա:

Մինչ առողջապահության ոլորտի պատասխանատուները զգուշացնում են կորոնավիորսի նոր՝ ավելի վտանգավոր տեսակների առաջացումից՝ Ռուսաստանի «Վեկտոր» հետազոտական կենտրոնի մասնագետներն առաջին անգամ բացառիկ լուսանկար են հրապարակել. կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէի պատկերն է: Լուսանկարը ստացվել է էլեկտրոնային մանրադիտակի տեսախցիկի միջոցով:

«Դելտա» շտամը շարունակում է տարածվել արագ տեմպով՝ ստիպելով աշխարհի առաջնորդներին նոր սահմանափակումներ կիրառել: Ռուսաստանում հոկտեմբերի 25-ից Covid-19-ի վարակման և մահացության ցուցանիշի կտրուկ աճի աճով պայմանավորված՝ նոր սահմանափակումներ են գործում: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրով 60 տարեկանից բարձր անձանց և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին կարգադրվում է չլքել իրենց բնակության վայրը. սահմանափակումները կգործեն չորս ամսով՝ 2022 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև փետրվարի 25-ը:

Նոր կանոնները չեն վերաբերում նրանց, ովքեր վերջին վեց ամսվա ընթացքում վարկվել են Covid-19-ով կամ ամբողջական պատվաստված են:

Սոբյանինի հրամանագրով գործատուներից պահանջվում է աշխատողների առնվազն 30%-ի հեռահար աշխատանքի անցում: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը Մոսկվայում կգործեն առավել խիստ սահմանափակումներ: Կփակվեն խանութները, ռեստորանները և սպասարկման այլ կազմակերպությունները, հայտարարվել են դպրոցական արձակուրդներ: Նմանատիպ սահմանափակումներ են մտցվում երկրի այլ շրջաններում:

Այսօրվանից նոր սահմանափակումներ են սկսել գործել Ռումինիայում: Երեկոյան ժամը 22-ից երկրի տարածքում պարեկային ժամ է սահմանվել: Դիմակ կրելը դարձել է պարտադիր բացօթյա տարածքներում: Իսկ հանրային վայրեր մուտք գործել հնարավոր է միայն բժշկական թերթիկներով: Ռումինիան ԵՄ անդամ երկրների ցանկում պատվաստման ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից մեկն է: Երկրի առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, հիվանդանոցներում ազատ մահճակալների պակաս կա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում