Ամեն 9-րդը նախազգուշացվում կամ տուգանվում է հակահամաճարակային կանոնները խախտելու համար

ՀՀովհաննես Վարդանյան

Տեսչական մարմինները շարունակում են պայքարել համավարակի դեմ: Ավանում, Նոր Նորքում և Կենտրոնում այսօր հասարակական տրանսպորտը գերբեռնված էր, ուղևորներների մեծ մասն էլ հրաժարվում էր դիմակ կրել: Տեսուչները ոստիկանների հետ փաստն արձանագրում, 10.000 դրամով տուգանում են կարգը խախտած քաղաքացուն: 

Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության բաժնի պետ) - Հոկտեմբերի 8-ից առ այսօր մշտադիտարկվել է մոտ 1150 տրանսպորտային միջոց, այդ թվում նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, կազմվել է 161 արձանագրություն: Գերակշիռ մասը ուղևորների դիմակ չկրելու հիմքով է կազմվում:

«Դրական տեղաշարժ կա, բայց դա բավարար չէ»,- արձանագրում է տրանսպորտային անվտանգության բաժնի պետը, հիշեցնում՝ արդեն տասը օր է՝ մեկի փոխարեն օրական երկու անգամ, տարբեր ժամերի են վարորդներին կոչ անում պահել հակահամաճարակային կանոնները:

Տեսչականի մարզային մասնագետները միջմարզային կանոնավոր երթուղիներն էլ են ստուգում: Արթուր Արաբաչյանի խոսքով՝ մարզային վարորդները հիմնականում պահում են հակահամաճարակային կանոնները:

Արթուր Արաբաչյան - Մենք ուշադրություն ենք դարձնում նաև շարժակազմում առկա տրանսպորտային միջոցի ախտահանման գործընթացին. ինչպես գիտեք՝ համապատասխան որոշման սահմանված կարգով տրասնպորտային միջոցները պետք է օրը նվազագույնը երկու անգամ ախտահանվեն: 

Տաքսիներում պատկերը հուսադրող չէ: Տեսչականից հիշեցնում են՝ եթե մեքենայում մեկից ավելի մարդ կա, բոլորը պետք է դիմակ կրեն, հակառակ դեպքում և՛ վարորդը, և՛ ուղևորը կտուգանվեն: Օրը «հաջող» չէր նաև այն վարորդների համար, որոնց տեխզննման ժամկետը լրացել էր: Համար 55 միկրոավտոբուսի, համար 26 ավտոբուսի ուղևորներն իջեցվեցին, մեքենաներն էլ տեղափոխվեցին տուգանային հրապարակ:

Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի փորձագետ) - Մեր մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվում են այնպիսի տրանսպորտային միջոցներ, որոնք փաստաթղթերի հետ կապված խնդիր ունեն: Այսօր արդեն նմանատիպ երկու դեպք է հայտնաբերվել, որոնց հաշվառման ժամանակավոր վկայագրի ժամկետներն անցած էին: 

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում 20 խմբով խստացված շրջայցի են դուրս եկել նաև ԱԱՏՄ մասնագետները: Երևանի տեսուչներին միացել են Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնների տեսուչները։ Արձանագրությունների հիմնական պատճառը պատվաստման հավաստագրի կամ թեստավորման թերթիկի բացակայությունն է:

Երազիկ Գնելյան (ԱԱՏՄ տեսուչ) - Ռուզաննան պատվաստվել է առաջինը, աղջիկները գնացել թեստ են տվել, պատասխանը վաղն են վերցնելու, էս պահին պատասխանը չկա:

ԱԱՏՄ տեսուչները հագուստի խանութից դուրս եկան, դեղատուն մտան: Աշխատակիցը ո՛չ թեստավորվել, ոչ էլ պատվաստվել էր: Պատճառաբանությունը, թե հերթի պատճառով չի թեստավորվել, տեսուչները հաշվի չառան, արձանագրություն կազմեցին:

Երազիկ Գնելյան - Անընդհատ իրազեկել ենք, եկել, ասել ենք, որ պետք է լինի: Դուք որ հերթերը տեսնեք, անհնար է: 

ԱԱՏՄ տեսուչներն անցնող շաբաթ 2571 ստուգայց են արել, արձանագրել 275 խախտում: Ստացվում է, որ ամեն 9-րդը նախազգուշացվում կամ տուգանվում է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում թվերն ավելի մեծ էին. տուգանվում էր ամեն երրորդը: Այսօրվանից մասնագետները նաև երեկոյան ժամերի են տնտեսվարողին այցելելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում