Ուսուցիչների սակավության պատճառով 100-ից ավելի դպրոցում իրականացվում է էլեկտրոնային դասավանդում

ԳԳոհար Սարգսյան

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցի ուսուցչուհին հեռավար էլեկտրոնային դաս է անցկացնում Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղական համայնքի աշակերտների հետ:

Այստեղ ուսուցիչների պակաս կա, որը լրացվում է տասնյակ կիլոմետրերի հեռավորությունից: Երկու դպրոցի գործակցությամբ դասացուցակները կազմվում են այնպես, որ համընկնումներ չլինեն, և օրվա ընթացքում թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների դասերի մի մասը առկա դասարանային լինի, մի մասը՝ հեռավար:

Տաթևիկ Սևոյան (Հայոց լեզու և գրականություն առարկաների ուսուցչուհի)- Օրինակ՝ ունեմ մեկ՝ վեցերորդ դասարանցի, երկուսը յոթերորդ դասարանցիներ են, նրանց դասը բացատրում եմ կարճ, հանձնարարությունը տալիս եմ, ինքը մինչև աշխատում է, ես արդեն յոթերորդ դասարանցիների հետ եմ աշխատում: էսպես ամբողջ դասի ընթացքում փորձում եմ ներգրավել երկու դասարանցիներին: Իհարկե մի քիչ դժվար է, բայց արդեն հունի մեջ ենք ընկել, ես էլ, իրենք էլ:

Առանց անմիջական շփման դասը թեպետ իր բարդություններն ունի, բայց հեռավար դասի մեկամսյա աշխատանքի փորձը ուսուցչուհի Տաթևիկ Սևոյանին հուշում է, որ արդյունքները գոհացնող են լինելու:

Տաթևիկ Սևոյան - Տնայինն արած գալիս են, արդեն զգում ես, որ ամրապնդվել է:

Հայաստանի այս կամ այն դպրոցում առարկայական մասնագետների պակասը ընթացիկ ուսումնական տարվանից որոշակիորեն լրացվում է «Էլեկտրոնային դպրոց Հայաստան» նախագծի միջոցով:

Ընտրվել է 18 մենթոր դպրոց Երևանում ու մարզերում, որոնք հեռավար աշխատում են 100-ից ավելի հանրակրթական հաստատությունների հետ: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի խոսքով՝ գրեթե բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների կարիք կա: Խնդիրն առավել ցցուն է բնագիտական առարկաների դեպքում, ինֆորմատիկայի և օտար լեզուների:

Արտակ Պողոսյան (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն) - Իհարկե սկզբի համար շատ դժվար է նման բանը կազմակերպել բոլոր դպրոցների համար, որովհետև պիլոտային ծրագիր է և օգնում է, որպեսզի ընթացակարգերը, մեխանիզմները մշակենք:

Գնահատման թիմը ծրագրի ավարտին կպարզի, թե ի՛նչ որակի կրթություն է ապահովվել աշակերտների համար:

Արտակ Պողոսյան - Նաև այս ծրագրի ընթացքում մենք ենք սովորում, որովհետև սա բացառիկ ծրագիր է, պետք է ասեմ, որ աշխարհում չկա նման փորձ իրականում, որպեսզի վերջնական գնահատական տանք, գոնե մեկ կիսամյակ պետք է իրականացվի, բայց ներկա դրությամբ արդեն իսկ բացահայտվում են արդյունավետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը նկատում է, որ ուսուցիչների սակավությունը բնորոշ է բազմաթիվ այլ երկրների ևս:

Նա կարծում է՝ տարբեր մեխանիզմների համադրումը հնարավորություն կտա լրացնել Հայաստանում առկա բացը, որպեսզի ապահովվի որակյալ կրթություն, ու չլինեն աշակերտներ, որոնք տարիներով, օրինակ՝ ֆիզիկա չեն ուսումնասիրում՝ ուսուցիչ չունենալու պատճառով:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում