«Գյումրին ընտրում է». հոկտեմբերի 15-ին քաղաքապետի թեկնածուներն Առաջին ալիքի ուղիղ եթերում կբանավիճեն

ՎՎահե Կոստանդյան

Ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Գյումրիում թեժ է լինելու: Թեկնածուների միջև ուղիղ հեռարձակմամբ բանավեճը Գյումրու ընտրողների համար կապահովի Հանրային հեռուստատեսությունը: Դեռևս Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Առաջին ալիքը նախապատրաստեց և իրականացրեց «Հայաստանն ընտրում է» նախընտրական մեծ բանավեճերը:

Հիմա հեռուստաընկերության 100 հոգանոց ստեղծագործական խումբը Գյումրիում է: Նախապատրաստվում է բանավեճին: Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ին, մոտ երկու ժամ թեկնածուները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ծրագրերը: Հանրայինը խոստանում է նաև նորամուծություններ:

Տիգրան Վիրաբյան (Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր) - Օրինակ՝ քաղաքացիների հարցերը, որոնք կհնչեն տաղավարում, և թեկնածուները կպատասխանեն: Մի խոսքով, սա մեր պարտավորությունն է լինել մեծ քաղաքներում, որտեղ կլինեն ՏԻՄ ընտրություններ, և բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություն տալ հայտնվելու Հանրայինի եթերում և ներկայացնելու իրենց տեսլականը քաղաքի զարգացման մասին:

Բանավեճի համար ընտրվել «Գյումրին ընտրում է» խորագիրը: Այն կկայանա է Գյումրիի դրամատիկական թատրոնում: Թեկնածուների հետ նախնական հանդիպումներ եղել են, նրանց ներկայացվել է բանավեճի ձևաչափը:

Տիգրան Վիրաբյան - Վստահ ենք, որ առաջադրված թեկնածուները գիտակցում են բանավեճի կարևորությունը և նաև հասկանում են, որ սա վերջին նախընտրական երկու ժամն է, և իրենց տեսլականը դիտում է ոչ միայն գյումրեցին, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը: Կարծում եմ՝ ցանկացած թեկնածու կօգտվի իրեն ընձեռված այս հնարավորությունից և կապահովի իր մասնակցությունը:

Կնկարահանի նույն թիմը, որն ապահովել էր նաև Ազգային ժողովի ընտրությունների բանավեճը: Փորձը կա, ու պատրաստ են ցանկացած ընթացքի՝ թեժ անցնի թե հանգիստ:

Հարություն Սեմերջյան (Հանրային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր) - Բազմաթիվ տեսախցիկներ են աշխատելու, քանի որ թեկնածուները բավականին շատ են: Ուղիղ եթեր է, բանավեճային ֆորմատ է, ինչպես կգնա ընթացքը՝ մենք չգիտենք, մենք պատրաստ ենք:

Հանրայինի թիմը վստահ է՝ այս բանավեճը կլինի Գյումրիի ընտրությունների պատմության ամենաբովանդակայինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում