Վայոց ձորում հիմնանորոգվում է Մ2 միջպետական ճանապարհի 3 դժվարանցանելի հատված

ՌՌոզա Խաչատրյան

Մ2 միջպետական ճանապարհի 98-101-րդ կիլոմետրի հատվածում արդեն 2 շաբաթից ավելի է՝ գիշեր-ցերեկ շինաշխատանքներ են ընթանում: Քանի եղանակը տաք է, պետք է աշխատանքներն ավարտին հասցնել:

Վահագն Ստեփանյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ) - Սա մեր միջպետական Մ2 ճանապարհահատվածն է, որն ամենաինտենսիվ ճանապարհահատվածն է Հայաստանում, քանի որ Արցախ գնացող միակ ճանապարհը սա է: Այստեղ հիմնանորոգման աշխատանքներ կատարվել են 2006-ին, որի արդյունքում այս հատվածը բավականին դժվարանցանելի էր: Հիմնանորոգման աշխատանքներից հետո, կարծում եմ, երթևեկությունն ավելի մատչելի կլինի:

Այս ճանապարհահատվածն անցնում է Ելփին և Չիվա բնակավայրերով, ունի 3.4 կմ երկարություն: Ճանապարհը վերջին հիմնանորոգման արդյունքում փոքր-ինչ նեղացել էր, հիմա վերականգնում են նախկին լայնությունը՝ 11 մ:

Վահագն Ստեփանյան - Մենք այստեղ իրականացնում ենք գոյություն ունեցող ասֆալտի շերտի սառը վերամշակում նորագույն տեխնոլոգիաներով, որից հետո պետք է լինի ասֆալտապատման 2 շերտ՝ 6 սմ և 5 սմ հաստությամբ:

Ճանապարհի պայմանագրային արժեքը 600 մլն դրամ է: Սա Վայոց ձորի մարզով անցնող միջպետական Մ2 ճանապարհի վերանորոգվող առաջին հատվածն է: Մարզում վերանորոգվում է ճանապարհի ևս 2 հատված:

17.7 կմ երկարությամբ երկրորդ հատվածը սկսում է Արենիից ու անցնում Արփի, Եղեգնաձոր բնակավայրերով:

Վահագն Ստեփանյան - Աշխատանքները շատ ծավալուն են, քանի որ 3 բնակավայրում իրականացվում են 3000 գծամետր մայթերի իրականացման աշխատանքներ, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում:

Հայաստանի ամենաբանուկ ճանապարհը վերանորոգելն այնքան էլ հեշտ գործ չէ՝ ասում է տեղամասի պատասխանատուն ու ցույց տալիս առաջացող խցանումները:

Վահրամ Պետրոսյան (տեղամասի պատասխանատու) - Հիմքի գրունտից սկսած՝ ամբողջովին փոխվում է, տեղադրվում է նոր գրունտ, նոր խիճ, 3 շերտ ասֆալտբետոնե ծածկ, 2 շերտը՝ 6 սմ, վերջնական շերտը՝ 4 սմ:

Այս հատվածում մնացել է մոտ 1.5 կմ հատված, որը դեռ ասֆալտե նոր ծածկ չունի: Ասֆալտապատմանը զուգահեռ՝ ջրահեռացման համակարգն են փոխել, կամուրջները վերանորոգել:

Վահագն Ստեփանյան - Իրականացվում է շատ բարձր մակարդակով, և ամբողջությամբ ճանապարհային պաստառը քանդելով և նորը տեղադրելով՝ ստանալու ենք այնպիսի ճանապարհ, որ շատ երկար է ծառայելու:

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 3 մլրդ դրամ է: Վայոց ձորով անցնող միջպետական Մ2 ճանապարհի հիմնանորոգվող երրորդ հատվածը սկսում է ճանապարհի 150-րդ կմ-ից ու հասնում մինչև 167-րդ կմ-ը՝ մինչև «Զանգեր» կոչվող հատվածը:

Վահագն Ստեփանյան - Ընդհանուր՝ այս հատվածը կազմում է մոտ 16.9կմ: Ճանապարհահատվածի վրա շինաշխատանքներն ընթանում են 2 տիպի՝ գոյություն ունեցող 5.5 ճանապարհահատվածի ասֆալտի սառը վերամշակում և մնացած հատվածում ամբողջ հիմնային փոփոխություն:

Վերջին անգամ 2000-ականների սկզբին հիմնանորոգված ճանապարհը դժվարանցանելի էր դարձել: Հիմա լայն թափով տարբեր տեսակի աշխատանքներ են ընթանում՝ սառը վերամշակումից մինչև 10 կամուրջների նորոգում ու ճանապարհային հագուստի փոփոխություն:

Գնել Սարգսյան (տեղամասի պետ) - Ներկայումս ավարտել ենք ասֆալտապատման աշխատանքների 4 կմ հատվածը: Դժվար հատվածը, որը Զանգեր կոչվող հատվածն էր, վերջացրել ենք. ծովի մակարդակից բարձր է 2340 մ:

Նորոգման առումով սա ճանապարհի ամենադժվար հատվածն էր՝ ընդգծում է տեղամասի պետը, օրեր են եղել, երբ այդ հատվածում ջերմաստիճանը 0-ից ցածր է եղել:

Գնել Սարգսյան - Ձյուն դրեց, 2-3 սմ ձյուն էր դրել ճանապարհի կողքերին, այդ օրը չաշխատեցինք ու կորցրինք մի ամբողջ օր:

Քանի արև է և տաք՝ րոպե անգամ չեն կորցնում: 2.9 մլրդ պայմանագրային արժեքով ճանապարհահատվածը պետք է պատրաստ լինի միչև նոյեմբերի 30-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում