Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանումը՝ գիտաժողովի օրակարգում

ՎՎահե Դավթյան

Պատմամշակութային ժառանգության պահպանությունը որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց: Եռօրյա միջազգային գիտաժողովը աշխարհի տարբեր անկյուններից մեկ հարկի տակ է համախմբել ճարտարապետների և ոլորտի այլ մասնագետների: Ճարտարապետ Անդրեյ Իվանովը երկար տարիներ ուսումնասիրում է Հայաստանի հնագույն քաղաքները: Հետազոտությունների առանցքում Երևանն է, Գյումրին, Ստեփանակերտը: Քաղաքների մասին ամփոփ տվյալներով երկու գիրք է հրատարակել:  Երկու տարի առանձին ուսումնասիրել է նաև պատմական թաղամասերը:

Անդրեյ Իվանով (ճարտարապետ, Ռուսաստան) - Օրինակ՝ Երևանում Կոնդ թաղամասը, յուրաքանչյուր մաս կարող է շատ տեղեկություն տալ տվյալ ժամանակաշրջանի մասին: Տվյալները կարող են նաև հուշել կառուցապատողներին՝ ինչպիսի նախագիծ պատրաստել՝ կառուցել նորը՝ պահպանելով պատմությունը:

Կոնդ թաղամասում շինաշխատանքների իրականացման միջազգային տենդերի առաջին փուլն արդեն ավարտվել է: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ շուտով կմեկնարկի երկրորդ՝ վերջնական փուլը: Արմեն Ղուլարյանի խոսքով՝ մշակվում է Երևանի փոքր կենտրոնի մասին օրենքը, որը կկանոնակարգի շինարարական աշխատանքները:

Արմեն Ղուլարյան (Քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Քաղաքաշինության կոմիտեն, իր գործառույթներին համապատասխան, համակարգում և հսկում է նաև Հայաստանի պատմական քաղաքների պատմամշակութային ժառանգության վերականգնման ծրագրերը՝ պատասխանելով այն միջազգային պահանջված փաստաթղթերին, որոնց միացել է նաև Հայաստանը:

Միջազգային գիտաժողովին  մասնագետները խոսելու են նաև Արցախի պատմամշակութային ժառանգության մասին: Մանուշակ Տիտանյանը տարիներ շարունակ տարբեր գիտական խմբերի հետ իրականացրել է Արցախի պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներ: Ցավով է նշում՝ չեն հասցրել խորքային ուսումնասիրել և հրատարակել ամբողջական պատկերը: Ուսումնասիրությունների առանձին շարք Շուշիի մասին է:

Մանուշակ Տիտանյան (ճարտարապետ) - Շատ կարևոր է՝ էն, ինչ որ կա, պահպանել, ուսումնասիրել, որովհետև փորձը ցույց տվեց, ցավոք սրտի, էն, ինչ մնաց,- իսկ Դիզակի ամբողջ պատմական շրջանը մնաց բռնազավթված,- թերի էին ուսումնասիրությունները, որ արված էին:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ԳԱԱ-ի հետ Արցախում եռաչափ սկանավորման սարքերով 12 պատմամշակութային հուշարձանի չափագրում են կատարել, նյութերը փոխանցել ԿԳՄՍ-ին: Հուշարձանների ցանկը տրամադրել է նախարարությունը: Մասնագետներն աշխատել են ինչպես մեր, այնպես էլ մեր վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում:

Եղիազար Վարդանյան (ՀՀ ՃՇՀԱՀ ռեկտոր) - Համալսարանի լաբորատորիան համալրված է նորագույն սարքավորումներով, մասնավորապես՝ եռաչափ սկաներով. դրա կիառմամբ իրականացվում է նաև պատմամշակութային ժառանգության հուշարձանների սկանավորում, հնարավորություն է տալիս ստանալ հուշարձանների թվային մոդելը:

Համալսարանում նախատեսվում է ստեղծել հուշարձանների վերականգնման և պահպանության առանձին ամբիոն: Այն գործելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Իսկ գիտաժողովի վերջում կստորագրվի հռչակագիր, ըստ որի՝ մասնակից երկրների անդամները այսուհետև կբարձրաձայնեն բոլոր այն վայրագությունների մասին, որոնց հետևանքով վտանգվում են պատմամշակութային ժառանգությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում