«Հայփոստի» նոր մասնաճյուղ՝ Շիրվանզադե փողոցի վրա: Փոստի համաշխարհային օրվա առիթով «Հայփոստն» այսօր բացեց հերթական բաժանմունքը: Այն տեխնիկապես հագեցած է, ունի մի շարք նորարարություններ, օրինակ՝ հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը, բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն և այլն:
Վահագն Խաչատրյան, ՀՀ ԲՏԱ նախարար - Ամենակարևոր խնդիրը, որ մեր առջև դրել ենք, և «Հայփոստն» այդ խնդիրները հաջողությամբ իրականացնում է, հենց այսպիսի միջավայր ստեղծելն էր քաղաքացիների համար:
Նոր փոստային բաժանմունքի պաշտոնական բացմանը ներկա Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարը կարևորեց նաև այն, որ տարիների ընթացքում ընդլայնվում են «Հայփոստի» մատուցած ծառայությունները, իսկ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, առիթն օգտագործելով, խոսեց վերջին կես տարում արված փոփոխություններից: Միջինը 30 տոկոսով ավելացել է աշխատակիցների աշխատավարձը, նույնքան ավելացել «Հայփոստի» մեքենաների թիվը, առաքանիներն ավելի շուտ են տեղ հասնում: Արշակյանը խոսեց նաև միջազգային գործակցությունից՝ առանձնացնելով մի քանի արդեն առկա պայմանագրերը:
Հակոբ Արշակյան, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ - Ռուսաստանի և Ֆրանսիայի մասով նվազել են առաքանիների ստացման և ուղարկման ծախսերը, Ռուսաստանից 10-ից ավելի անգամ ավելացել է առաքանիների ուղարկման թիվը: «Հայփոստի» մասով որոշակի նախնական պայմանավորվածություն կա մեծ օպերատորներից մեկի՝ «Վայլբերիզիի» հետ, կա համագործակցության ընդլայման պայմանավորվածություն:
«Հայփոստի» գլխավոր տնօրենի խոսքով՝ այժմ ավելի մատչելի են դառնում դեպի եվրոպական բոլոր պետություններ ուղարկվող առաքանիների սակագները: Սա հնարավորություն կտա ամրապնդել Եվրոպայի հետ կապը և միաժամանակ աջակցել փոքր և միջին բիզնեսին
Հայկ Կարապետյան, «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն - Ուղիղ երկու անգամ իջեցնում ենք դեպի Եվրոպայի գները, և մեր հաճախորդներն այսուհետ շատ ավելի մատչելի գներով կարող են իրենց առաքանիներն ուղարկել:
Փոստի համաշխարհային տոնի առիթով ներկաները շնորհավորեցին ոլորտի աշխատակիցներին:













