Ռոման Բալայանը՝ միշտ հոսանքին հակառակ

ՆՆունե Ալեքսանյան

Ռոման Բալայանը հայ կինոսիրողների հետ հանդիպման էր եկել իր երկարամյա բարեկամ, նախկինում ԽՍՀՄ կինոքաղաքականությունը համակարգող նախարար, հայազգի կինոգետ Արմեն Մեդվեդևի հետ: Խորհրդային կինոյի երկու հայտնի գործիչների պատմություններում համաշխարհային կինոյի մեծ վարպետների ու արտիստների մասին հուշերն են, ուսանելի պատմություններն ու հին, բարի ժամանակների հանդեպ կարոտաբաղձությունը: «Համբույր», «Առաջին սեր», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Դրախտի թռչուններ», «Մատնիչը» և այլ ֆիլմերի հեղինակը, որ խորհրդային կինոյում իր գեղագիտությունն ու մտածողությունը բերեց, առ այսօր ասոցացվում է իր լավագույն՝ «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմի հերոսի հետ:

Ռոման Բալայան (կինոռեժիսոր, սցենարիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ) - Ես 81 տարեկան եմ, շատ ֆիլմեր եմ նկարել: Բայց « Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը հենց ես եմ, իմ տրամադրությունն ու աշխարհն է: Եվ ինչպես հանճարեղ Կիրա Մուրատովան էր ասում՝ այդ ֆիլմում ես ոչ մի զիջում չեմ արել հանդիսատեսի ճաշակին:

1982-ին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը վարձույթի միայն առաջին տարվա ընթացքում վեցուկես միլիոն հանդիսատես է ունեցել, ինչը խորհրդային չափանիշներով պարզապես ռեկորդ էր։ Հետո փոխվեցին ժամանակները, և կինոռեժիսորը տևական դադար ունեցավ՝ անավարտ թողնելով շատ նախագծեր, այդ թվում նաև Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» էկրանավորելու գաղափարը:

Ռոման Բալայան  (կինոռեժիսոր, սցենարիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ) - Այն ժամանակ ես ուզում էի դա Ղարաբաղում նկարել՝ հենց ղարաբաղյան բարբառով: Շատ ոգևորված էի, բայց ինչպես ասում են՝ հիվանդացա այդ գաղափարով, ու անցավ: Հիմա արդեն պարզապես չեմ ուզում. այդ ժամանակն անցավ:

Սերգեյ Փարաջանով, Անդրեյ Տարկովսկի, Մարչելո Մաստրոյանի. կինոաշխարհի մեծերի մասին հուշերը պատմելիս Բալայանը հաճախ էր դիմում դահլիճում ներկա իր ուսանողներին, որոնք ուսանել են նրա նախաձեռնությամբ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում անցկացված կինոռեժիսորների բարձրագույն դասընթացներին: Եվ վերստին կրկնում էր՝ հիվանդացեք կինոյով, հոսանքին հակառակ գնացեք և մի՛ տրվեք լավ ապրելու գայթակղությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում