Տեսչական մարմիններն ուժեղացնում են հսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ

ԼԼիլիթ Հարությունյան

Այսօրվանից տուգանվում են նաև տրանսպորտում առանց դիմակի քաղաքացիները: Առավոտից տեսչական մարմինները Երևանում խստացված ստուգումների են անցել: Եթե նախկինում պարզապես նախազգուշացնում էին այսօրվանից արդեն տուգանքի արձանագրություններ են կազմում: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ մշտադիտարկմանը զգուշացնում է՝ կստուգեն տրանսպորտի բեռնվածությունը, դիմակների առկայությունն ու ախտահանիչ նյութերը, որոնք կամ չկային կամ անհարմար էին օգտագործելու համար:
 
Զգուշացնում, բացատրում են վարորդներին՝ իրենք պետք է ուղևորից պահանջեն դիմակով նստել տրանսպորտ:

Քաղաքացիների դժգոհությունները շատ են. աշխատանքից են ուշանում:

Մեկ ժամից ավելի ստուգումների արդյունքում մեր տեսախցիկը ֆիքսեց 20-ից ավելի արձանագրություն: Առանց տեխանձնագրի վարորդներից մեկին խնդրեցին ուղևորներին իջեցնել և ավտոբուսը տուգանային հրապարակ տեղափոխեցին:
 
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ) - Մեկ ամսից ավել է՝ մենք իրականացնում էինք մշտադիտարկումներ, սկզբնական շրջանում շեշտը դնում էինք, որ մարդիկ իրազեկվեին, սոցիալական պատասխանատվությունն իրենց մեջ բարձր մակարդակի դարձնեին, բայց մեր ուղևորներն այնքան էլ պարտաճանաչ չէին: Մենք արդեն ստիպված էինք խիստ միջոցներ կիրառել, ընդհանուր առմամբ 260 արձանագրություն է կազմվել. 2000-ից ավելի տրանսպորտ է ստուգվել, միակ դրական միտումը վարորդների դիմակ կրելն է, բայց մենք այսուհետ խիստ միջոցներ ու վարչարարություն ենք կիրառելու նաև ուղևորների նկատմամբ, և այսօրվանից տուգանվելու են նաև ուղևորները:

Ստուգումները շարունակվում են նաև խանութներում: Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն էլ պահանջում են խանութ մտնող ամեն հաճախորդին ուշադիր լինել. խախտումների պատասխանատուն տնտեսվարողն է: Խախտումը գրավոր արձանագրում են:

Գոռ Աղաջանյան (ՍԱՏՄ Երևանի գլխավոր տեսուչ) - Միանգամից ակնառու էր հաճախորդների դիմակ չկրելը: Տնտեսվարողն իր տարածքում պետք է ապահովի դիմակներ կրելը, խնդրի, համոզի պահանջի: Պետք է մուտքի մոտ լինի անձնավորություն, որը թույլ չտա գնումներ կատարել, եթե դիմակով չլինի:

Խանութների աշխատակիցներն ասում են՝ հիմնականում մարդիկ արդեն սոցիալական պատասխանատվություն զգում են, բայց անհնար է բոլորին պարտադրել:
 
Մեծ խանութներում, որտեղ տեսուչները հիմնականում խախտումներ չեն գտնում, մեր հարցին՝ գուցե պարզապես ցո՞ւյց են տալիս, որ ամեն ինչին հետևում են, տեսուչները չեն ժխտում:

Տեսչական մարմիններից զգուշացնում են՝ ստուգայցերն այսուհետ լինելու են օրը 2 անգամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում