Հայաստանը պահպանում է տնտեսական աճի միտումը. ՀԲ-ն կանխատեսում է 6,1% աճ

ԱԱննա Ավետիսյան

Նախկին 3,4-ի փոխարեն այժմ 6,1 տոկոս: Համաշխարհային բանկը վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Կառույցի գնահատմամբ՝ 2021-ի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը սպասվածից արագ է վերականգնվում: Բանկի մասնագետների կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունը մինչև 2022 թվականի կեսերը կվերադառնա նախաքովիդյան վիճակին:

Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Կանխատեսման վերանայումը նորմալ պրակտիկա է՝ հատկապես արագ փոփոխվող միջավայրի ու իրավիճակի պայմաններում, ինչպիսին համավարակով պայմանավորված ճգնաժամն է: Այդ կանխատեսումը հիմնված է այն իրավիճակային գնահատականների հիման վրա, որոնք արվել են իրենց կողմից:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը դրական է գնահատում Համաշխարհային բանկի վերանայումը, նշում՝ անսպասելի չէր:

Արուսյակ Մանավազյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Կարող ենք փաստել այդ զեկույցում, որ Հայաստանի տնտեսությունը գրեթե վերականգնվել է, տնտեսության բոլոր ճյուղերը շատ ակտիվ աճ են արձանագրում: Պետք է նաև արձանագրել, որ կորոնավիրուսից ստեղծված խնդիրները գրեթե ամբողջովին չեզոքացվել են, և վերականգնման փուլից արդեն անցել ենք զարգացման փուլ Հայաստանի տնտեսությունում:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում աճել է ներքին պահանջարկը, տնտեսության աճի վրա դրական ազդեցություն է ունեցել նաև արտահանման աճը, ինչին նպաստել է միջազգային շուկայում մետաղների գների բարձրացումը:

Արմեն Քթոյան - Երկրները, որոնք պատվաստումների ավելի բարձր տոկոս ունեն, իրենց մոտ կանխատեսումների ավելի մեծ վերանայում է արվել, ի տարբերություն այն երկրների, որտեղ պատվաստումների տոկոսը ցածր է: Այդ ցածր տոկոսով պատվաստումների մեջ մտնում է նաև Հայաստանը:

Արուսյակ Մանավազյան - Մեր կանխատեսումները ի սկզբանե դեռ 2020 թվականից 2021-ի համար ավելի վատատեսական էին: Բայց ընդհանուր տարածաշրջանում առաջատար դիրքերում ենք մեր ցուցանիշներով և տնտեսական ակտիվությամբ:

Համաշխարհային բանկի կանխատեսումը դրական ազդակներ է տալիս՝ ասում են մասնագետները, նկատում՝ չնայած պետական պարտքի բարձր բեռին՝ միջազգային կառույցն իրականացվող քայլերն ընդունելի է համարել:

Արմեն Քթոյան - Համաշխարհային բանկի գնահատականն ու կարծիքը կարևոր են այլ ֆինանսական կազմակերպությունների ու Հայաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից: Ու միանշանակ դրական ազդակ է սա, որը ուղղորդող նշանակություն կարող է ունենալ թե՛ միջազգային կազմակերպությունների և թե՛ առանձին տնտեսվարող սուբյեկտների համար:

Եթե մինչև տարեվերջ տնտեսությունը նույն տեմպով շարժվի, սպասվող տնտեսական աճն ավելի մեծ կարող է լինել, քան նույնիսկ միջազգային կառույցի կանխատեսումն է՝ կարծում է իշխող խմբակցության պատգամավորը

Արուսյակ Մանավազյան - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, Կառավարության ծրագրում, հիմա արդեն՝ 2022 թվականի բյուջեի նախագծում կանխատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ: Այս տարի, կարծում եմ՝ մեր տնտեսական աճի ցուցանիշը ևս մոտ կլինի 7 տոկոսին:

Ըստ բանկի զեկույցի՝ ԵԱՏՄ երկրներից ամենաբարձր տնտեսական աճը այս տարի սպասվում է Հայաստանում: Ռուսաստանում կանխատեսվում է 4,3, Բելառուսում՝ 1,2, Ղազախստանում՝ 3,5, իսկ Ղրղզստանում՝ 2,3 տոկոս աճ: 2022 թվականի համար Համաշխարհային բանկը Հայաստանում կանխատեսել է 4,8, իսկ 2023-ին՝ 5,4 տոկոս տնտեսական աճ:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում