Աղավնատուն համայնքի սովորական օրը տոնի է վերածվել: Մոսկվայաբնակ բարերար Վահան Ավագյանը հարազատ գյուղի համար մարզահամալիր է կառուցել՝ ֆուտբոլի դաշտով, թենիսի կորտով, վոլեյբոլի ու բասկետբոլի խաղահրապարակներով: Նվերից ոգևորված են հատկապես պատանիները, որոնք տարիներ շարունակ մարզվել են քար ու քռայի մեջ:
Անի Մկրտչյան - Ամեն դեպքում պարապում էինք, մասնակցում մրցումներին, բայց հիմա ավելի լավ կպարապենք ու մրցումներին ավելի լավ կներկայանանք:
Մարզահամալիրը դպրոցի հարևանությամբ է: Նոր համալիրը տարբեր մարզաձևերում նոր թիմեր կազմելու հնարավորություն կտա: Գույքն ու մարզահագուստն էլ արդեն կան: Կա նաև ակտիվ սպորտով զբաղվելու երեխաների ցանկությունը: Պարապմունքները բոլոր մարզաձևերում անվճար են: Մնում է միայն համայնքի անունն ու համբավը բարձր պահելու համար քրտնաջան աշխատել:
Արշակ Գևորգյան - Ո՞վ չի ուզի, որ իր գյուղն ավելի ծաղկի:
Կիմա Խաչատրյան (Աղավնատուն համայնքի դպրոցի փոխտնօրեն) - Վաղուց էինք սպասում, քանի որ ունենք մարզիկներ, որոնք դրսում են մարզվում: Բնականաբար, սա մեզ համար հրաշք է, որովհետև մեր երեխաները վաղվանից սկսած պետք է այստեղ մարզվեն:
Ֆուտբոլի դաշտն արհեստական խոտածածկով է: Նախատեսված է 300-ից ավելի հանդիսատեսի համար: Արարատ-73-ի վետերանի խոսքով՝ նոր պայմանները հաջողություններ ու հաղթանակներ են ենթադրում:
Սերգեյ Բոնդարենկո («Արարատ-73»-ի ֆուտբոլիստ) - Էս դաշտը ստիմուլ է երեխաների համար, ամեն պայման կա, որ զբաղվեն: Եթե լավ պարապեն, լավ արդյունք կունենան, հայ ազգի պատիվը բարձր կպահեն:
Մարզում բաց են ներդրումների համար: Փաստաթղթավորումից մինչև կառուցապատման թույլտվություն արվում է հնարավորը՝ գործընթացը արագ և առանց խոչընդոտների կազմակերպելու համար: Աղավնատունը լավագույն օրինակն է, թե ինչպես համայնք-բարերար գործակցության արդյունքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:
Համբարձում Մաթևոսյան (Արմավիրի մարզպետ) - Մենք հնարավորություն ունենք եռակողմ պայմանագիր կնքել, և մարզում ունենք բազմաթիվ նմանատիպ ծրագրեր՝ պետություն-համայնք-բարերար, և իրականացվել են տարբեր աշխատանքներ՝ ճանապարհաշինությունից մինչև մանկապարտեզներ ու դպրոցներ:
Մարզահամալիրից առաջ էլ Աղավնատան բարերարը գյուղում եկեղեցի էր կառուցել, ճանապարհներ նորոգել, խաղահրապարակ հիմնել: Ընթացքի մեջ է մանկապարտեզի շինարարությունը:













