Հայաստանը կարող է դառնալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող երկիր

ՀՀերմինե Բաղդասարյան

Հայաստանը «Սպուտնիկ լայթ» է արտադրում՝ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի պարզեցված տարբերակը։ Գործընթացն իրականացնում է դեղագործական «Լիկվոր» ընկերությունը։ Ձեռնարկությունից այս թեմայի մասին ոչինչ չեն հայտնում, բացի այն, որ արտադրած վակցինայի առաջին երեք խմբաքանակի նմուշներն արդեն ուղարկել են Ռուսաստանի Դաշնություն՝ հայտնի Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոն՝ որակի վերջնական հաստատման։

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Երբ որ փորձանմուշները, որ արտադրվում են, արդեն Գամալեայի ինստիտուտի կողմից կստանան սերիայի բացթողում, կդառնա ընթացիկ արտադրություն:

«Սպուտնիկ լայթի» հայաստանյան արտադրության մասին շաբաթվա սկզբին հայտարարեց էկոնոմիկայի նախարարությունը։ Ի՞նչ քանակի պատվաստանյութ կարտադրի հայկական ձեռնարկությունը՝ դեռ հայտնի չէ։ Նշվում է միայն, որ վակցինայի արտադրական գործընթացի տեխնոլոգիական փոխանցումն իրականացվել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի կողմից։ Ըստ նախարար Քերոբյանի՝

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի համատեղ արտադրությունը կարևոր քայլ է մեր երկրում դեղագործական ոլորտի զարգացման գործում:

Հաղորդագրությունում նշված է նաև, որ Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի երկրի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։ «Սպուտնիկ լայթը» ցուցված է հրատապ վակցինացիայի դեպքում՝ համաճարակային անբարենպաստ զարգացման պայմաններում կոլեկտիվ իմունիտետի արագ ձևավորման նպատակով։ Պատվաստանյութի համատեղ արտադրությունը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի տնօրենը որակել է կարևոր փուլ մեր երկրների կողմից քովիդի դեմ տարվող պայքարում։

Կիրիլ Դմիտրիև (Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն) - «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի տեղական արտադրությունը հնարավորություն կտա արագացնել բնակչության պատվաստումը, խուսափել լոգիստիկ ծախսերից և ավելի արագ ձևավորել զանգվածային դիմադրողականություն։

«Սպուտնիկ լայթի» մասին հայտնի է․ այս վակցինան, ի տարբերություն մյուսների, երկրորդ դեղաչափի ներարկում չի պահանջում։ Ուսումնասիրությունները պնդում են, որ՝ պատվաստվածների 100%-ի մոտ արդեն 10-րդ օրը ձևավորվում է բջջային իմունիտետ, 28-րդ օրը՝ պացիենտների 91,67%-ի օրգանիզմը սկսում է արտադրել վիրուսը չեզոքացնող հակամարմիններ։

Կկարողանա՞ արդյոք դեղագործական մեր «Լիկվորն» այս պատվաստանյութի կոմերցիոն արտադրության թույլտվություն ստանալ՝ կապված է լինելու հետազոտության արդյունքներից։ Առողջապահության նախարարը դրական պատասխանի հույս ունի։

Անահիտ Ավանեսյան - Մենք վստահ ենք, որ այն սպառվելու է նաև այլ շուկաներում, որովհետև պատվաստանյութի պահանջարկը այս պահին բավական բարձր է։

Մնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող երկիր դառնալու համար Գամալեայից պատասխանը չուշանա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում