Մասնագետները չեն բացառում, որ հակապատվաստումային ակցիաների հետևում շահադիտական նպատակներ են

ԱԱրևիկ Աբելյան

Վարակիչ հիվանդությունների դեմ ավելի արդյունավետ պայքարի միջոց, քան պատվաստումներն են, համաշխարհային բժշկագիտությունը դեռևս չի գտել: COVID-19-ն էլ բացառություն չէ: Նորահայտ պատվաստանյութերի նկատմամբ հանրության թերահավատությունն ու տարածվող միֆերը նույնպես օրինաչափ են, որոնք երբեմն խթանվում են անտեղյակությամբ, երբեմն էլ, ինչպես առողջապահության ոլորտի մասնագետներն են նշում, շահադիտական մղումներով:

Արմեն Սողոյան (Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ) - Վակցինացիաները ամենակարևոր առողջապահական միջոցառումն են, որը ընդունված է աշխարհի բոլոր հայտնի, հավաստի, վստահելի գիտական կենտրոնների կողմից, հետևաբար, որևէ մասնագետ չի կարող վակցինաների դեմ ընդհանուր առմամբ խոսել: Եթե խոսում է, կամ դադարում է որպես մասնագետ լինելուց, կամ ինչ-որ շահեր ունի, որոնք հետապնդելով խոսում է:

Հաճախ ենք լսում, թե քովիդի դեմ պատվաստումները մութ ուժերի ձեռքի գործն են, ուզում են նվազեցնել մոլորակի բնակչության թիվը, ոմանք պատվաստման հետևանքով կմահանան, ոմանց մոտ էլ անպտղություն կզարգանա:

Արմեն Սողոյան - Եթե մենք մեզ թույլ ենք տալիս ինչ-որ մութ ուժեր որպես փաստարկ ներգրավել, իսկ ով է ասել, որ այդ մութերը չեն խոսում այն մարդկանց բերանով, ովքեր դեմ են պատվաստումներին, որպեսզի մարդիկ չպատվաստվեն, հիվանդանան, մահանան, և բնակչության թվաքանակը նվազի, ինչը այդ մութ ուժերի ցանկությունն է: Այսինքն՝ երբ մենք գիտական դաշտից դուրս ենք գալիս, ընկնում ենք, մեղմ ասած, երևակայական դաշտի մեջ, այդտեղ ոչ մի տրամաբանություն չի աշխատում, բացի տվյալ մարդու ներսում եղած պրոբլեմներից:

Վերարտադրողական առողջության վրա նույնպես քովիդի դեմ պատվաստումը բացասաբար չի անդրադառնում, ինչի վերաբերյալ մոլորեցնող տեղեկությունները շրջում են երկրից երկիր: Ընդհակառակը՝ պարզվում է՝ հենց կորոնավիրուսն է, որ կարող է այդպիսի հետևանքների հանգեցնել:

Վարդուհի Պետրոսյան (Հայաստանի ամերիկյան համալսարանի hանրային առողջապահության ֆակուլտետի դեկան) - Չկա պատվաստանյութ, որն ունենում է բացասական ազդեցություն վերարտադրողական առողջության վրա թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ, սակայն արդեն հայտնի է, որ COVID-19 հիվանդությունը կարող է բերել խնդիրների վերարտադրողական առողջության առումով, ինչպես նաև այլ օրգան-համակարգերի վրա է ազդում:

Ի դեպ, եթե ավելի վաղ առաջարկվում էր հղիներին պատվաստելիս ավելի զգուշավոր լինել, ապա հետագա ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ պատվաստանյութը անվտանգ է նաև այդ խմբի համար:

Վարդուհի Պետրոսյան - Այսօր կան ԱՄՆ-ից 99 հազար հղի կանանց տվյալներ, որոնք պատվաստվել են (նաև այլ երկրներից), որոնք վերլուծվում են, և քանի որ ցույց են տրվում, որ այդ պատվաստումները շատ ապահով են և լավ են դրսևորում նաև այս խոցելի խմբերում, դրանից հետո առաջարկները փոփոխության են ենթարկվում:

Բարձր եկամուտ ունեցող շատ երկրներում COVID-19-ի դեմ պատվաստված է չափահաս բնակչության ընդհուպ 80 տոկոսը: Օրինակ` ԱՄՆ-ում պատվաստված է 50 տոկոսից ավելին, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Չինաստանում՝ 80 տոկոսը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում