Ում կարող են տուգանել, աշխատանքից ազատել՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջը չկատարելու դեպքում

Վերջին 14 օրում Հայաստանում 18 տոկոսով ավելացել են կորոնավիրուսով վարակման դեպքերը՝ ահազանգում են մասնագետները:

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար) - Եթե մենք չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտավորապես 5930 նոր դեպք: Այս դեպքրից մոտավորապես 30 տոկոսը կհոսպիտալացվի:

Նման պատկերից խուսափելու համար մենք միջոցառումներ ենք ձեռնարկում՝ հայտարարեց Ռոմելլա Աբովյանը: Դրանցից ամենաշատ աղմուկ բարձրացրածը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր պահանջն է: Այն է՝ տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կառույցների, պետական կառավարման մարմինների աշխատակիցները 14 օրը մեկ պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնեն, որպեսզի աշխատանքի իրավունք ունենան: Դրա այլընտրանքը պատվաստվելն է: ՊՇՌ թեստի պահանջ չի ներկայացվի միայն պատվաստվածներին, հղիներին և պատվաստման հակացուցում ունեցողներին:

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար) - Որոշակի ակտիվություն արդեն նկատվում է. շատ կազմակերպություններ կազմակերպված ձևով դիմում են, պատվատսվում են, այնպես որ՝ մենք հուսով ենք, որ այս գործընթացից ապագայում կունենանք լուրջ ցուցանիշներ, և հիշեցնեմ, որ միայն պատվատսումը թույլ կտա կառավարել այս վիրուսը, և ոչ թե հակառակը:

«Պատվաստվելու կամ թեստավորվելու» պահանջին չենթարկվելու համար նաև տուգանքներ են նախատեսված:

Աննա Հարությունյան (Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ) - Տուգանքը ֆիզիկական անձանց դեպքում, առաջին անգամ հայտնաբերելիս, 10-20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց դեպքում կիրառվում է 40-120 հազար դրամ տուգանք:

Բայց մասնավոր ընկերության աշխատակցին, օրինակ, ոչ տուգանելու, ոչ էլ աշխատանքից ազատելու կարգավորումներ այս պահին չկան: Դրա համար աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ պետք է կատարվեին: Այս դեպքում փոփոխությունների շրջանառվող նախագիծը հանրային ծառայության մասին օրենքին է վերաբերում: Հետևաբար, խախտումներ հայտնաբերելու պարագայում մասնավորի դեպքում կարող է տուգանվել միայն գործատուն:

Ժորա Սարգսյան (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Ասեմ ավելին՝ չկա նույնիսկ նախագիծ այս մասով, որ պետք է փոփոխություն լինի, քանի որ այս պահին գործատուները երկուսն են՝ պետությունը և մասնավորը, պետությունը իր մասով հանդես է գալիս նման առաջարկով, սակայն մասնավորի հետ կապված նման առաջարկ չի դիտարկվում՝ հաշվի առնելով, որ սա հանրային առողջության շրջանակում է, և կա պահանջ՝ հանրային առողջապահության տեսանկյունից: Այստեղ չեն դիտարկվում գործատու-աշխատող հարաբերություններ, որի հետևանքը լինի պայմանագրի լուծումը:

Հանրային ծառայողների դեպքում, օրինակ՝ նոր կարգավորումները թույլ կտան աշխատանքից ազատել, եթե չենթարկվեն սահմանված պահանջին:

Ժորա Սարգսյան (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Պետությունը իր մասով նախագիծ է շրջանառել, որով հստակ նախատեսում է այդ կարգավորումները, համաձայն որի՝ եթե աշխատողը չի թետսավորվում, նաև ժամանակ էլ է նախատեսված նախագծով, օրինակ՝ 30 օր, դրա արդյունքում աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է աշխատանքից ազատել: Սա նախագծով հստակ նախատեսված է:

Տիգրան Դադունց (Արդարադատության նախարարության օրենսդրական զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն-հիմնադրամի տնօրեն) - Սա տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային ծառայություն իրականացնող անձանց, հանրային պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև հանրային իշխանության մարմիններում տեխնիկական սպասարկում և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց նկատմամբ:

Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը դեռ ընդունված չէ, փաթեթը մշակվել և շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 1-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում