Անկախության 30-ամյակի միջոցառումներ՝ Հայաստանի մարզերում

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակն Արմավիրի մարզում նշեցին Էջմիածնում՝ Հերոսների պուրակում: Մարզային ու քաղաքային իշխանությունների ելույթները կարճ էին, հիմքում՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակի հարգանքը և հայկական երկու պետության հզորացումը:

Համբարձում Մաթևոսյան, Արմավիրի մարզպետ - Մեր պայքարն արդար է, իսկ արդարությունը միշտ հաղթում է: Վստահ եմ՝ այս հող ու ջրում ապրելու մեր արդարացի իրավունքը շարունակելու ենք և առաջիկայում սպասվում են հաղթանակներ:

Էջմիածնի քաղաքապետարանն իր շնորհակալությունը հայտնեց վերջին պատերազմում զոհված տղաների ընտանիքներին:

Լուսինե Հայրապետյան, Զոհված Խաչատուր Հայրապետյանի քույրը - Մենք ավելի արժանապատիվ պետք է ապրենք, որովհետև ամեն բան արեցինք, որ մեր հաջորդ սերունդն ավելի արժանապատիվ հայրենիքում մեծանա:

Շիրակի մարզ. այստեղ ևս հիշեցին վերջին պատերազմում անմահացած հերոսներին. Անկախության տոնի առթիվ պարգևատրվեցին պատերազմի մասնակիցները, ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները, նաև թիկունքային աշխատողներ՝ ուսուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Հովհաննես Հարությունյան, Շիրակի մարզպետ - Ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ այսօր անկախությունը հազարավոր քաջորդիների արյամբ և կյանքով վաստակած այն սուրբ պատգամն է, որը պետք է պահել ու փայփայել սրբորեն: Հայ ժողովուրդը մեջքը կշտկի, համոզված եմ, որ կշտկի և կքայլի դեպի ապագա՝ ավելի կոփված, լուսավոր ապագա:

Հայաստանի հարավային սահման Սյունիքի մարզում Անկախության միջոցառումը մեկնարկեց Գորիսում՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրից:

Գորիսի արվեստի դպրոցում էլ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված Փառքի սրահ բացվեց. հետմահու պարգևատրվեցին 44-օրյայի ժամանակ հերոսաբար զոհվածները:

Կարո Ավանեսյան, Սյունիքի մարզպետի տեղակալ - Սյունյանց հողը հզոր է, իսկ մեր հերոսներին ոչ մի տեղ բացակա չենք դնելու:

Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ էլ Լոռիում մեկնարկեցին Անկության 30-ամյակի միջոցառումները: Ծաղիկներ խոնարհվեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ:

Արամ Խաչատրյան, Լոռու մարզպետ - Ժողովուրդներ կան, որ այսօր երազում են անկախության համար, պայքարում են անկախության համար: Սա մեզ համար բացարձակ արժեք է, որ մենք կարողանում ենք նաև աշխարհին ներկայանալ մեր մշակույթով, մեր գիտությամբ, մեր արվեստով:

3-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսն ընդունեց կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:

Գեղարքունիքի մարզում Անկախության 30-ամյակին նվիրված հիմնական միջոցառումներն անցկացվեցին Վարդենիսում: Մարզային, քաղաքային իշխանությունների և ՊՆ երկրորդ բանակային կորպուսի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտերում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:.

Տավուշի մարզում էլ հուշանվերներ հանձնվեցին 44-օրյա պատերազմի տասնյակ մասնակիցների, ծաղիկներ խոնարհվեցին Դիլիջանի զորամասից զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:

Հայաստանի մյուս մարզերում և բնակավայրերում ևս Անկախության տարբեր միջոցառումներ են անցկացվել:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում