Որոշում ենք կայացրել հիմնել Կենաց պուրակ, որտեղ Արցախյան պատերազմների բոլոր զոհերի կենդանությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի նախագծով պիտի հավերժացնենք Արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Այս մասին Անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ որոշում ենք կայացրել Երևանի Բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ Արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը՝ մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:

Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է Կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները: Երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ, ահա, այդ բոլոր մարդկանց, Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք, և Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող Հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:

Այստեղ՝ այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, հայոց դրոշներով պարուրված և պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով ՀՀ պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը:

Ապրի՛ր, Հայաստան, և բարձրացի՛ր, ապրի՛ր, Արցախ, և բարձրացի՛ր հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես:

Շնորհավորում եմ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում