Արտահանմանն ուղղված դրամաշնորհ՝ 9 ընկերության

ԼԼիլիթ Գասպարյան

Հայկական մսամթերքի հերթական խմբաքանակն է արտահանվում Արաբական Միացյալ Էմիրություններ: Մեր երկրում արտադրված մսամթերքը մեծ պահանջարկ ունի Պարսից ծոցի արաբական երկրներում, հավաստիացնում է մսամթերք արտադրող ընկերության տնօրենը:

Արմեն Ջանվելյան (մսամթերք արտադրող ընկերության տնօրեն) - Փորձնական ուղարկեցինք, հավանեցին, համտես արեցին, որակի համար էն որ խոսք չկա:

Այս ընկերությունը բացառիկներից է, որ ձեռք է բերել «Հալալի» սերտիֆիկատ, ինչն էլ հնարավորություն է տվել արտահանել մսամթերքը: Պահանջարկից բացի, կարիք կար ընդլայնելու արտադրական հնարավորություններն ու նոր սարքավորումներ ձեռք բերելու: «Էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից իրականացվող Արտահանողի զարգացման դրամաշնորհային ծրագիրը տվեց այդ հնարավորությունը:

Արմեն Ջանվելյան - Դրամաշնորհը միտված էր, որ արտահանման ամբողջ շղթան ապահովենք: Դրամաշնորհի միջոցով մենք կարողացանք կառուցել մեր սառցարանը: Չգիտեմ՝ ինչքան մեծ ու միջին տարողությամբ բեռնատարներ ենք ձեռք բերել, որ եթե գյուղացին ունի կենդանիներ, բայց հնարավորություն չունի իջացնելու, մենք այդ հնարավորությունը տալիս ենք:

Հայաստանից մսամթերքի արտահանումը 2020 թվականին համավարակով պայմանավորված՝ զգալի նվազել էր: Այս տարվանից արտահանման հետ կապված խոչընդոտները վերացել են: Արմեն Ջանվելյանի խոսքով՝ Հայաստանն ունի մեծ հնարավորություններ անասնապահությունը զարգացնելու համար:

Արմեն Ջանվելյան - Մեր ունեցած արոտավայրերի կարծեմ 40 տոկոսն էլ չենք օգտագործում: Մեծ պոտենցիալ ունենք, ահռելի մեծ քանակությամբ սպառման շուկա կա: Նույնիսկ եթե մեր Հայաստանը իրա արոտավայրերի 100 տոկոսն օգտագործի, ու անասնագլխաքանակն ու մանր եղջերավորների գլխաքանակը եռապատկվեն, մենք չենք կարող այդ երկրներին մատակարարել այդքան միս:

Առաջիկայում նախատեսվում է մսամթերք արտահանել նաև Հորդանան և Կատար:

Ներդրումների աջակցման կենտրոնի՝ արտահանման խթանմանը միտված հաջորդ դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Արարատի մարզի Սարդարապատ համայնքում: Նախկինում միրգը չորացնում էին բնական եղանակով՝ արևի տակ, որը սակայն երկար ժամանակ էր պահանջում: Դրամաշնորհային ծրագրով ձեռք բերած գազային չրանոցները արագացրեցին գործընթացը՝ խնայելով ժամանակն ու մեծացնելով մրգի վերամշակման ծավալները:

Պողոսյան Նարեկ (չրագործական ընկերության տնօրեն) - Անցած տարիներին ընդունել ենք 2-3 տոննա թարմ միրգ, այս տարի կարողացել ենք օրական ընդունել 10-15 տոննա միրգ, վերամշակենք:

Նոր սարքավորումները հնարավորություն կտան մթերել տարեկան մոտ 500 տոննա միրգ ու բանջարեղեն:

Պողոսյան Նարեկ - Պահանջարկը կա չրի, իրացման խնդիր չկա:

Չիրն արտահանվում է Ռուսաստան, Եվրոպա, առաջիկայում նաև՝ Միացյալ Նահանգներ:

Պողոսյան Նարեկ - Հիմնական արտադրանքը հիմնականում դրսում ա, ներսի շուկայում արտադրանքի մինչև 5 տոկոսն ենք կարողանում իրացնել:

Օգնում են նաև հարակից գյուղերի բնակիչներին չորացնել և սպառել սեփական բերքը: Չրանոցն արդիականացնելուց և ծավալները մեծացնելուց հետո երկու տասնյակ նոր աշխատակից են ընդունել: Եվս 3 տասնյակ աշխատակիցների կարիք ունեն:

Պողոսյան Նարեկ - Տալիս ենք 120-180 հազար դրամ աշխատավարձ, բայց աշխատակիցների խնդիր ունենք այս պահին:

Բացի այս երկու՝ չիր և մսամթերք արտադրող ընկերություններից, ևս 7-ին Արտահանողի զարգացման դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն է տվել ընդլայնել արտադրական հնարավորությունները, նպաստել գյուղատնտեսության, սննդի վերամշակման և տեքստիլի ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքի իրացմանն ու արտահանմանը: 

Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին: Իրականացնում են Կառավարությունն ու Համաշխարհային բանկը:
 
Պարտադիր պայման է, որ դրամաշնորհներ շահած ընկերություններն իրենց բիզնես նախագծերն իրականացնելու նպատակով ներդնեն նախատեսված գումարի 30 տոկոսը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում