Ղուկասավանում ՏՏ կենտրոն է բացվել. կուսանեն նաև հարակից բնակավայրերի երիտասարդները

ՄՄուշեղ Իսախանյան

Ղուկասավանում աղ ու հացով, հայկական քանոնի մեղեդիների ներքո են դիմավորում հյուրերին, բնակիչները հավաքվել են գյուղի նոր կառույցի դիմաց՝ բացվել է Ղուկասավանի ԱյԹի կենտրոնը:

14-18 տարեկան 50 աշակերտի համար նախատեսված կրթահամալիրը կառուցվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ֆինանսավորմամբ: Պատվավոր հյուրերի շարքում է նաև դեսպանը: Կարճ ելույթներից հետո կարմիր ժապավենը կտրելու հերթն է:

Երկու հարմարավետ լսարան՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով, ամեն ինչ արել են, որ Ղուկասավանի և հարակից 2 բնակավայրի երեխաներն ու երիտասարդները ստանան որակյալ կրթություն և գիտելիքների արդեն հսկայական պաշարով ուսումը բուհում շարունակեն:

Ռուզաննա Ահարոնյան (Ղուկասավանի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Արդյունավետությունը շատ բարձր է լինելու, որովհետև էստեղ աշխատելու են բարձրակարգ մասնագետներ, որոնք երեխաներին տալու են բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են: Նույնիսկ ուսանողները բուհերում ավարտելուց էդ գիտելիքներով զինված չեն լինելու, քան մեր ՏՏ կենտրոնը ավարտվելով:

Նոր գիտելիքների հետևից կարող են գալ ինչպես արդեն իսկ ոլորտին ծանոթ երեխաներն ու երիտասարդները, այնպես էլ սկսնակները: Ընդունվելիս բոլորը թեստ են հանձնել, ուսման են անցել լավագույնները: Կենտրոնի առաջին ուսանողներից է 12-րդ դասարանցի Կարինեն:

Հասցրել է արդեն սովորել Թումոյում, նախորդ տարվա կարանտինի ժամանակ էլ Արմաթի կազմակերպած առցանց դասընթացների է մասնակցել: Հիմա վստահ է՝ իր ուղղությունը ԱյԹի-ն է:

Կարինե Մարգարյան (Ղուկասավանի ՏՏ կենտրոնի սան) - Գյուղերի երեխաները շատ հաճախ ունենում են շատ ավելի մեծ պոտենցիալ, ավելի զարգանալու, ինչպես նաև զարգացնելու: Գյուղերը կարող ենք էնպես անել, որ դառնան մասնագիտացված կենտրոններ: Կարծում եմ, որ այն երեխաները, որոնք շատ կցանկանային մասնակցել ԱյԹի միջոցառումների, դառնալ ծրագրավորող, բայց չունեին այդ հնարավորությունները, սա մեծ հնարավորություն լինի իրենց համար, որ կարողանան իրենց երազանքներն իրագործեն:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի խոսքով՝ ինքը լսել ու կարդացել էր այս կենտրոնի մասին, բայց չէր սպասում, որ կտեսնի միջազգային չափանիշներին համապատասխան կրթարան:

Ֆուկուշիմա Մասանորի (ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Ես վստահ եմ, որ այս կենտրոնի բոլոր ուսանողները շատ խելացի ու տաղանդավոր են, նրանք ունեն մեծ հնարավորություններ:

Իմ կարծիքով այս կենտրոնը միայն տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն չէ, սա կարող է կրթական տեսանկյունից մեր երկու երկրի երիտասարդների փոխանակման կենտրոն դառնալ: Հայաստանի և Ճապոնիայի գործակցությունը ՏՏ ոլորտում մեր երկրների բարեկամության ամրապնդման հիմք է:

Դասընթացները 2-ամսյա են, ավարտելուց հետո բոլորը սերտիֆիկատներ կստանան: Այս պահին մասնագիտացումները 3-ն են՝ ծրագրավորում, դիզայն, անգլերեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում