Առաջին ալիքը խոստանում է անմոռանալի աշուն. սեպտեմբերի 13-ից մեկնարկում է նոր եթերաշրջանը

ՌՌոզա Խաչատրյան

Հեռուստադիտողի համար նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ից, իսկ Հանրայինի ստեղծագործական ու արտադրական բաժնի համար այն մեկնարկել է ամիսներ առաջ, երբ դեռ գարնանային եթերաշրջանը չավարտած՝ պատրաստվում էին աշնանային եթերներին:

Տիգրան Վիրաբյան (գլխավոր պրոդյուսեր) - Իր մատուցման ձևաչափով, որակով, ծավալով, տաղավարների ձևավորմամբ, նոր տաղավարների մեծածավալությամբ դա աննախադեպ է Հանրայինի համար: Կարծում եմ, որ այս կոլեկտիվը պատրաստ է այս մարտահրավերին:

Հոբելյանական 65-րդ տարում Հանրայինի աշնանային եթերը խոստանում է լինել գունեղ, վառ ու չկրկնվող:

Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Սեպտեմբերի եթերաշրջանում մենք արդեն ավելի մեծ սպեկտր ենք վերցնում բովանդակության և տարբեր ուղղություններով հանրության տարբեր շերտերի, տարբեր հետաքրքրության մարդկանց համար ներկայացնում ենք բովանդակություն:

Հանրայինը թարմացրել է իր եթերացանցը 80 տոկոսով: Հեղինակային, ժամանցային, կրթադաստիարակչական, սպորտային հաղորդումների պակաս եթերում չի լինի:

Տիգրան Վիրաբյան - Մեր միջազգային գործընկերների հետ ունենք բազմապիսի հետաքրքիր նախագծեր. BBC-ի փաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմերի շարքը, մանկական նոր հաղորդաշար: Այս եթերաշրջանում շատ են Հանրայինի կողմից մատուցվող անակնկալները:

Հեղինակային հաղորդաշարի շրջանակներում Արամ ՄՊ3-ը, hեծանվով շրջելով Հայաստանի մարզերով, բազում արկածներով և նոր տպավորություններով հարուստ ուղևորության մասնակից կդարձնի նաև Ձեզ:

Արամ MP3 (հաղորդավար) - Սա իմ ամենածանր նկարահանումներն են եղել, խոստովանում եմ: Եղել են ցուրտ, հոգնեցուցիչ, բայց որ 2 ամիս Արցախում, Հայաստանում, շոգ, +50 աստիճան, նկարահանում է, չես կարող հանգստանալ, ես նիհարել եմ 6 կգ:

Հեծանվով դեպի նպատակակետը տանող ճանապարհին հեռուստադիտողը կբացահայտի Հայաստանը, կիմանա հետաքրքիր փաստեր տեղաբնակների մեկնաբանմամբ:

«ԳործԱՐԱՐ» հաղորդաշարը կպատմի տարբեր ոլորտներում հաջողության հասած մեծ ու փոքր բիզնեսների մասին, հաղորդման ընթացքում բիզնեսի հիմնադիր-ղեկավարները կներկայացնեն, թե ինչպես են սկսել գործը, ինչ ռազմավարությամբ են առաջնորդվել, ինչ գաղափարներ կյանքի կոչել։

Հովհաննես Մովսիսյան - Մենք ունենք եթերաշրջանում նոր հեռուստահաղորդում, որտեղ տարբեր մարդիկ ներկայացնում ենք իրենց ստարտափները, որից հետո ԲՏԱ նախարարության կողմից ստանում են դրամաշնորհ ու սկսում իրենց բիզնեսը:

Հաղորդման շրջանակում շաբաթը մեկ կամ մի քանի նախագիծ կշահի մինչև 10 մլն դրամ:

Հեռուստանախագծի այս եթերաշրջանի մրցանակային ֆոնդը հասնում է 250 մլն դրամի:

Նոր տաղավարով ու նոր ձևաչափով ձեր առավոտները կսկսվեն «Առավոտ լուսոյի» հետ՝ այս անգամ նաև հանգստյան օրերին:

Տիգրան Վիրաբյան - Սա ամբողջովին նոր, վերանորոգված և վերակահավորված տաղավար է իր ձևաչափով: «Առավոտ լուսոն» ևս կլինի շատ ժամանակակից, շատ թարմ, նվագախմբով:

«Խելացի գյուղատնտեսություն» հաղորդաշարը կպատմի մեր երկրում գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաների կիրառման ու դրանց արդյունավետության մասին։

Առանձին հաղորդմամբ անդրադարձ կլինի 44-օրյա պատերազմի հերոսներին:

«Իմ բաժին պատերազմը» հաղորդաշարը կբացահայտի մեր տղաներին, նրանց կյանքը այսօր ու կռիվը հանուն հայրենիքի:

Հովհաննես Մովսիսյան - Ունենք առանձին հաղորդում, որը պատմում է 44-օրյա պատերազմի այն հերոսների մասին, որոնց մասին չի խոսվել մինչ այս: Նրանք քաղաքացիներ են, որոնք իրենց բաժին պատերազմը վարել են և վերադարձել են տուն:

Հանրայինի եթերում կլինեն ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր սպորտային հաղորդումներ:

«Առաջին սպորտ» հաղորդաշարով սպորտային անցուդարձը իր ուշադրության կենտրոնում կպահի Կարեն Գիլոյանը: Եթեր կվերադառնա «Լրացուցիչ ժամանակը»:

Էդուարդ Քալանթարյան (Առաջին ալիքի սպորտի բաժնի ղեկավար) - Արմեն Գարամյանը կվարի. հյուրերով, վերլուծություններով, տեսաշարերով: Երրորդ հաղորդումը կոչվում է «Խաղից դուրս Քալանթարյանի հետ». դա իմ հեղինակային հաղորդումն է: Շաբաթական մեկ անգամ խոսելու եմ շաբաթվա գլխավոր իրադարձությունների մասին:

Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում գործող երգի և պարի անսամբլների մասին կպատմի «Հնչում է Հայաստանը» հաղորդաշարը:

Առաջինի եթերում ամեն շաբաթ կենդանի հնչողությամբ համերգային ծրագիր կլինի:

Առողջ խորհուրդներով եթերում կլինի «Առողջ ապրելակերպը», համացանցային գիտելիքներով՝ «Մեդիագրագիտություն» հաղորդաշարը:

Առաջինը խոստանում է անմոռանալի աշուն՝ խոստանալով՝ հեռուստադիտողի համար ամենամեծ անակնկալները դեռ առջևում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում