Կայծակը ծեծած տեղն է ծեծում. Մովսեսում կայծակից տուն է այրվել

ՀՀերմինե Բաղդասարյան

Մոխրացած տունը ճռճռում է մովսեսցի Մհերի ոտքերի տակ։ Հրդեհը կայծակի հարվածից է բռնկվել օգոստոսի 15-ի գիշերը։ Լավ է՝ ամռան շոգ այդ օրն ընտանիքն առաջին հարկում էր քնել։

Կրակը միանգամից կլանել է ամբողջ տանիքն ու երկրորդ հարկը: Ամպրոպի խլացնող ձայնից րոպեներ չանցած՝ ամենուր կարմիր բոցեր էին՝ մղձավանջային գիշերվա իրադարձություններն է նկարագրում տուժած ընտանիքի հարևանը։

Արմենակ Պապյան (Մովսեսի բնակիչ) - էնքան էդ որոտն ուժեղ էր, որ տանը քնած էի՝ կինս էլ համարյա արթնացավ: էնքան մեծ ծուխ, բոց, տաքություն էր մեծ բռնել՝ հնարավոր էլ չէր մոտենալ:

Թաղի բնակիչներով են առաջինն օգնության շտապել, հետո ամբողջ գյուղը ոտքի է կանգնել սելավի տակ դույլերով ջուր հասցնելու։ Հրշեջներն էլ չեն ուշացել՝ զանգից 6 րոպե անց տան բակում էին․․․ բայց ոչինչ փրկել չի հաջողվել․ ո՛չ կահույք, ո՛չ հագուստ, ո՛չ հեռուստացույց։

Մհեր Ադյան (Մովսեսի բնակիչ) - Երկու հատ եղել ա, մարազիլկա, խալադելնիկ, երկու տան գույք:

Հրդեհը երկու տան գույք է այրել, քանի որ Ադյանների ունեցվածքից բացի բնակարանում եղել են նաև տանտերերի իրերը։ Բանն այն է, որ տունն ուրիշինն է։ Իրենցը Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ գծով ընդամենը 5-600 մետր է հեռու, կինն ու 4 երեխաները վախենում էին, ստիպված գյուղում ապրելու այլ հասցե էին գտել՝ պատմում է Մովսեսի վարչական ղեկավարը։

Արտակ Պապյան (Մովսեսի վարչական ղեկավար) - Անվտանգությունից ելնելով՝ տեղափոխվել են ուրիշի տուն, որովհետև իրենց հայրական տունը ուղիղ նշանառության տակ էր:

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում». տնավեր կայծակի մասին ասում են սահմանամերձ գյուղում։ Որ բնությունն է հրդեհի պատճառը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն եզրակացություն է տվել։

Արտակ Մեջինյան (ՀՀ ԱԻՆ հրդեհների և տեխնիկական անվտանգության հետաքննությունների վարչության գլխավոր հետաքննիչ) - Կայծակը հարվածել է տան արևմտյան անկյունին, որը պատճառ է հանդիսացել հրդեհի առաջացման տանիքում ու երկրորդ հարկում՝ պատճառելով 16 մլն դրամի նյութական վնաս:

Ստեղծված իրավիճակից ինչպես դուրս գալ՝ Մհերը չգիտի։ Երկու ուսանողի ծախս ունի ուսերին, մյուս երեխաները փոքր են, պետք է և՛ ապրելու վայրի հարցը լուծի, և՛ կիսաքանդ դարձած տունը նորոգի։ Որոշակի աջակցություն Բերդի համայնքապետարանը ցույց կտա՝ վստահեցնում է Արտակ Պապյանը։

Արտակ Պապյան (Մովսեսի վարչական ղեկավար) - Համայնքը պարտավորվել է, որ օգնի, իրենք դիմում են գրել, մենք էլ պարտավորվել ենք, որ ինչ-որ չափով օգնություն ցույց տանք:

Ի՞նչ գումարի մասին է խոսքը և եր՞բ կհատկացվի՝ առայժմ պարզ չէ։ Հրատապն այս փուլում այրված տան գլխին տանիք դնելն ու պատուհաններ տեղադրելն է, որ աշնան անձրևները վերջնականապես չխարխլեն հրդեհից թուլացած պատերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում