Գառնիի տաճարում տեղի ունեցած հարսանիքը կոպտագույն վրիպում է․ ԿԳՄՍ փոխնախարար

ԱԱննա Ավետիսյան

Հայաստանի ամենահայտնի պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ Գառնիի հեթանոսական տաճարը, սեպտեմբերի 4-ին այցելուների համար փակ է եղել: Տաճարի տարածքում հարսանեկան արարողություն է իրականացվել: Միջոցառման տեսանյութը համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց: Դրանից հետո Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ նմանօրինակ պայմաններով միջոցառումն անցկացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնությամբ: Փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ ՊՈԱԿ-ն իրավիճակը փրկելու համար ոչ ստույգ տեղեկատվություն է տարածել, ինչը ցավալի է:

Արա Խզմալյան (ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այն, ինչ տեղի է ունեցել երեկ չէ առաջին օրը Գառնիում, համարում եմ, որ սա կոպտագույն վրիպում է, համարում եմ, որ սա խոչընդոտել է մշակութային արժեքների հասանելիություն կարեվոր սկզբունքը, որովհետև ինչքան էլ մենք խոսենք ֆինանսների կարևորության մասին, չկա որևէ կարևոր նպատակ, քան քաղաքացու հասանելիությունը սեփական արժեքներին:

Նախարարությունը շահագրգռված է, որ պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրենց լիազորությունների շրջանակում մեծացնեն ֆինանսական ինքնավարությունը՝ չխախտելով այցելուների իրավունքները՝ ասում է Խզմալյանը, բայց նման հանդիսություններ կազմակերպելիս կան հստակ սահմանված նորմեր, որոնք այս դեպքում չեն պահպանվել:

Արա Խզմալյան - Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարածքում միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին, կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազային, ռոք և հեղինակային երաժշտություն:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը պնդում է՝ համապատասխան գրությունն ուղարկվել է նախարարություն, ինչից հետո խորհրդակցություն է հրավիրվել, և լրացուցիչ պայմաններ են դրվել արարողության կազմակերպիչների առաջ: Համաձայնագիրը լրացվել է ու նորից ուղարկվել նախարարություն՝ ասում է Թարվերդյանը:

Արա Թարվերդյան («Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Անգամ հայտարարված փակի պայմաններում ես խոսել եմ կազմակերպիչ ընկերության ներկայացուցչի հետ և ասել եմ՝ աշխատեք՝ մի կերպ գտնեք տարբերակ այցելուների համար միջանցք ստեղծեք, որ նրանք կարողանան գնալ, տաճարը տեսնել: Այսինքն՝ հարսանիքի ընթացքի ժամերին անգամ մենք այդ պայմանը բավարարել ենք:

Տաճարը փակ է եղել 6 ժամ՝ նախապատարաստական աշխատանքների իրականացման համար, ինչի մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղեկացրել է համապատասխան կառույցներին ու տուրիստական գործակալություններին՝ ասում է Թարվերդյանը:

Արա Թարվերդյան - Ռաբիս երաժշտություն չի եղել, եթե Գաթա բենդը, Ծիրանի պրոջեքթը և Զառա Մարկոսյան մենակատարը ռաբիս ժանրի են, այդ դեպքում ես որևէ պատասխան գտնել չեմ կարող:

Նախարարությունը ներկա պահին աշխատանքներ է իրականցնում ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ՝ պարզելու շեղումների պատճառները: Ուսումնասիրվելու է նաև հանդիսության անցկացման համար կնքված պայմանագիրը:

Արա Խզմալյան - Ունենալով այս նախադեպը՝ կվերանայենք կարգը, կվերանայենք և կհասկանանք, թե անվտանգության ինչ մեխանիզմներ ունենք մենք, որքանով են կառույցները տիրապետում անվտանգության ապահովման այդ մեխանիզմներին: Եվ չեմ բացառում, որ վարձակալության կարգում կլինեն փոփոխություններ:

Սահմանված կարգով՝ աշխատանքներն արդեն սկսվել են, նախարարությունն ամեն ինչ անելու է հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում