«իԳործ»-ի մասնակիցների առաջին խումբը մեկնում է, երկրորդը՝ ժամանում. կան Հայաստանում հաստատվածներ

ՎՎարդան Հովսեփյան

«իԳործի» բեյբի. Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակում 5,5 ամսական Արեգային հենց այդպես են կոչում:

Մեղրիկ Այիթյան, «իԳործ» ծրագրի մասնակից - Պայմանագիր կնքելուց մի քանի օր առաջ իմացա, որ արդեն հղի եմ:

Հղիությունը չխանգարեց, որ պայմանագիրը կնքի և ամուսնու հետ Ավստրիայից տեղափոխվի Հայաստան՝ այնտեղ թողնելով տունն ու աշխատանքը:

Մեղրիկ Այիթյան - Աշխատել եմ Զալցբուրգի համալսարանում, նաև Վիեննայում, արտգործնախարությունում: Միշտ մտածում էի՝ ինչպես անեմ, որ նույն գործն այստեղ կատարեմ և հոգեպես ավելի բավարարվածություն ստանամ: Ստացա լուրը, որ «իԳործով» մասնագետներ են փնտրում: Երազանքս իրականացավ, եկա Հայաստան:

Հայաստանում աշխատանքի անցավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում:
Մեղրիկն «իԳործ» ծրագրով 2020 թ. սեպտեմբերին Հայաստան տեղափոխված 55 մասնակցից մեկն է: Ծրագիրն առաջին անգամ մեկնարկեց հենց 2020 թվականի սեպտեմբերին: Անգամ համավարակը չէր խանգարել, որ ծրագրին դիմեր սփյուռքում ապրող 800 մասնագետ:

Լիանա Սիմոնյան, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար - Սկզբում 20 տեղ էինք նախատեսել, հետո այդ 20 տեղը դարձավ 100:

Բայց հայրենիք ժամանեցին 55-ը՝ պատճառը համավարակի տարածվածությունն էր: 19 երկրից 19 գերատեսչությունում 1 տարի փորձեցին անել առավելագույնը:

Լիանա Սիմոնյան - Մեզ համար ուրախալի փաստ է, որ շատ մասնագետներ ստացել են ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներ, օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարությունում ունենք աշխատակից, որ ՊՈԱԿ է ղեկավարում և ընտանիքով է հայրենադարձվել:

Մեղրիկը ևս հայրենադարձվելու նպատակ ունի:

Մեղրիկ Այիթյան - Առաջարկ եմ ստացել թարմացնելու իմ պայմանագիրը: Ես ուզում եմ մնալ:

Հայրենիքում մնալու ցանկություն հայտնել է մասնակիցների մեծ մասը, 14-ն արդեն անցել աշխատանքի՝ չեն վերադառնում: Չվերադարձողներից է Հայկը՝ էլի Ավստրիայից է Հայաստան եկել:

Հայկ Օհանյան, «իԳործ» ծրագրի մասնակից - Աշխատել եմ բիզնես զարգացման ոլորտում՝ շվեյցարական ամենախոշոր կենտրոններից մեկում, բայց երկար ժամանակ մտածում էի վերադառնալ Հայաստան:

«իԳործը» դարձավ վերադարձի, մնալու լավագույն պատճառն ու առիթը:

Հայկ Օհանյան - Աշխատւմ եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ներդրումային ծրագրերի մշակմամբ եմ զբաղված: Շատ լավ փորձի փոխանակում էր սա թե՛ գիտելիքների, թե՛ մարդկանց հետ շփման առումներով:

Մեկամյա ծրագրի ավարտից օրեր առաջ տվածի ու ստացածի մասին Հայկի դիտարկումն է: Որոշել է՝ դեռ Վիեննա չի տեղափոխվելու, Երևանում Հայաստանի զարգացման համար անելիքներ ունի:

Հայկ Օհանյան - Պլանավորում եմ մնալ Հայաստանում, ձեռք եմ բերել Հայաստանի անձնագիր, շատ հնարավոր է՝ մնամ այն գերատեսչությունում, որտեղ այս մեկ տարին աշխատում էի:

Լարան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից արդեն առաջարկն ստացել ու համաձայնել է՝ մնում է:

Լարա Թէշէքիրեան, «իԳործ» ծրագրի մասնակից - Դա երկկողմանի էր, ես ցանկացա մնալ, նախարարությունն էլ ինձ ուզեց: Դրսում աշխատանքի պահանջ կա, բայց ես ուզում եմ մնալ, զգում եմ, որ Հայաստանն իմ տունն է:

Այս տարի էլ ծրագիրը շարունակվում է: 350 դիմումից ընտրվել է 50-ը՝ տնտեսագետ, իրավաբան, երաժիշտ: Երկրորդ փուլի առաջին իգործականներն արդեն Հայաստանում են: ԿԳՄՍ նախարարությունում դիմավորում են նոր 2 աշխատակցին, ևս 3-ը դեռ միանալու են:

Արթուր Մարտիրոսյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - 5-ն էլ ներկայացնում են տարբեր երկրներ, բերելու են 5 տարբեր մշակույթներ, մշակութային շերտեր:

Մարինա Ներսեսյանը Բոստոնի համալսարանում է աշխատել, կրթական գործի մասնագետ է: Չնայած տարիների փորձառությանը, հայրենիքում աշխատանքային առաջին օրը հուզվում է:

Մարինա Ներսեսյան, «իԳործ» ծրագրի մասնակից - 61 տարեկան լինելով՝ ես չէի կարող երևակայել, որ այսպիսի մի օր կարող է իրականություն դառնալ, ուզում էի օգտակար:

Տիկին Մարինային նոր աշխատասենյակում դիմավորում է իգործական գործընկերը, որը 1 տարի է արդեն այստեղ է:

Մինչև տիկին Մարինան տեղավորվում է իր նոր աշխատասենյակում՝ Հայաստան ժամանած մյուս մասնակիցները Կենտրոնական բանկ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարություն են շտապում: 1 տարվա ընթացքում փորձելու են անել առավելագույնը՝ իրենց նոր աշխատավայրերում դրական փոփոխություններ ապահովելու համար:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում