Կորոնավիրուսով վարակված 650 պացիենտի վիճակը ծանր է, 126-ինը՝ ծայրահեղ ծանր

ՌՌոզա Խաչատրյան

Կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում վարակելիության ավելի մեծ աստիճանով և ծանր ընթացքով: Կառավարության նիստում այս մասին ասաց առողջապահության նախարարը. երեկ կատարված 6394 թեստավորումից շուրջ տասը տոկոսը՝ 636-ը, դրական է եղել: Ցավոք, գրանցվել է 19 մահվան դեպք: Ավանեսյանը նկատեց նաև՝ հիվանդությունը երիտասարդանում է:  

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Պիտի ցավով նշեմ, որ 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ուստի սա մեզ համար ահազանգ է, որ ամեն մեկս մեր վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք: Եվ ամեն մեկը հանրային պատասխանատվության իր մասը կրելով նպաստի, որ մենք պաշտպանենք բնակչության կյանքն ու առողջությունը:

Այս պահին հիվանդանոցներում քովիդմահճակալների թիվը 1600 է, որից 1400-ը զբաղված է: 650 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, 126-ինը՝ ծայրահեղ ծանր, 51 մարդու արհեստական շնչառական ապարատ է միացված:

Անահիտ Ավանեսյան - Որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նոր մահճակալներ, բայց, իհարկե, սա շատ մեծ լարվածություն է ստեղծում համակարգում: Աշնանը հիվանդացության աճ է գրանցվում, մարդիկ ավելի շատ են դիմում շտապ օգնությանը: Ուստի քովիդը պահել հնարավորինս կառավարելի շրջանակներում՝ նշանակում է նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն:

Մեր երկրում պատվաստումների թիվն ավելանում է: Օրական ցուցանիշը գերազանցում է 6000-ը: Երեկ պատվաստվել է 6227 քաղաքացի:

Անահիտ Ավանեսյան - Եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս: 40 տոկոսից ավելի քաղաքացիներ պատվաստումը դիտարկում են որպես շատ կարևոր գործիք և պատրաստվում են պատվաստվել:

Ընդհանուր առմամբ Հայաստանում պատվաստվել է 293 955 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում