Գերմանացի տուրօպերատորները տպավորված են ՀՀ զբոսաշրջային արդյունքով

ԱԱրսեն Մկրտչյան

Մի քանի օր է Հայաստանը գերմանացի տուրօպերատորների, զբոսաշրջային գործակալությունների և ավիաընկերությունների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում է: Հայաստանում տեղի է ունենում Fvw DRV Destination Forum Armenien միջոցառումը: Նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային ներուժը: Գերմանական զբոսաշրջային ամենախոշոր ասոցիացիայի նախագահը խոստովանում է՝ Հայաստանն իր համար բացահայտված գաղտնիք է:

Նորբերտ Ֆիբիգ (DRV-ի նախագահ) - Հայաստանը լավ ճամփորդական երկիր է, սակայն դեռևս բացահայտված չէ աշխարհի շատ երկրների համար որպես զբոսաշրջային ուղղություն: Այս համաժողովը ևս կարող է նպաստել Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանն ու զարգացմանը:

Մինչև համաժողովի մեկնարկը Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի 7 տասնյակ ներկայացուցիչ եղել է Հայաստանի զբոսաշրջային վայրերում: Թեմատիկ ուղևորությունները ներառել են արկածային, մշակութային, էկո և գաստրոնոմիկ տուրիզմը: Էնստ Բեռներ Ղուկային առաջին հերթին տպավորել է հայերի հյուրընկալությունը:

Էնստ Բեռներ Ղուկա (տուրօպերատոր) - Հայաստանի զբոսաշրջային ոլորտն աչքի է ընկնում իր բազմազանությամբ: Ձեր երկիր կարելի է թե անհատական և թե խմբային ուղևորություններ կազմակերպել: Արդարացվել են բոլոր սպասումներս: Հայաստանը քրիստոնեական օազիս է այս տարածաշրջանում:

2019-ից սկսած ԵՄ երկրներից Հայաստան այցելությունների քանակով Գերմանիայի քաղաքացիների այցերը ամենամեծ աճն են գրանցել։ Համաժողովից առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանի խոսքով, նմանատիպ միջոցառումները կարևոր են Հայաստանի համար: Այն օգնում է ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին ընդլայնել իրենց միջազգային կապերն ու աշխարհագրությունը:

Գերմանացիներին Հայաստանում գրավում են մշակութային ու կրոնական ժառանգությունը, սնունդն ու բնությունը, բայց կա նաև մեկ այլ առանձնահատկություն, որով Հայաստանը շահեկանորեն տարբերվում է շատ երկրներից։ էկոնոմիկայի նախարարի կարծիքով դա մարդկային բաց ու դրական շփումն ու հյուրընկալությունն է:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում