107 մլն դոլար՝ 46 դպրոցի կառուցման համար

ՆՆարե Ոսկանյան

Սեյսմակայուն 7 դպրոց այս տարի իր դռներն է բացել հազարավոր աշակերտների առաջ: Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով բարեկարգվում են թե՛ Երևանի, թե՛ մարզերի մի շարք դպրոցներ:

Սուրեն Պապիկյան, փոխվարչապետ - Ունենք սեյսմիկության խնդիր, շուրջ 500 դպրոց հանրապետությունում այդ խնդիրն ունի: Հիմա այս ծրագիրը, որը կոչված է սեյսմիկ անվտանգության բարելավման համար, հենց նմանատիպ դպրոցները բարեկարգելու, անհրաժեշտության դեպքում՝ քանդելու և զրոյից սարքելու համար է:

Քաղաքապետի խոսքով՝ գեղեցիկ միջավայրից բացի, առավել կարևոր է երեխաների անվտանգ դասապրոցեսի կազմակերպումը, մանավանդ վերջին շրջանում, երբ երկրաշարժեր ավելի հաճախ են լինում:

Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ - Երևանի քաղաքապետարանն զբաղվում է մանկապարտեզներով: Մենք շուրջ 15 մանկապարտեզ հիմնանորոգում ենք՝ սեյսմակայունություն և նաև էներգախնայողություն:

Ծրագրի իրականացման համար Կառավարությունը և Ասիական զարգացման բանկը հատկացրել են մոտ 107 մլն դոլար: Այդ գումարով Հայաստանում կառուցվելու է 46 դպրոց, 14-ը՝ Երևանում, 32-ը՝ մարզերում:

Արթուր Սողոմոնյան, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն - Բոլոր վերակառուցվող և կառուցվող դպրոցները ներառական են և հարմարեցված հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների և անձանց համար: Կան վերելակներ՝ դրա համար նախատեսված, կան թեքահարթակներ: Բոլոր պայմաններն առկա են:

Երևանի համար 51 հիմնական դպրոցի ավելի քան հազար աշակերտ  նոր ուսումնական տարին սկսում է բարեկարգ, հարմարավետ ու անվտանգ պայմաններում:

Լուսինե Ղասաբօղլյան, Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան համար 51 հիմնական դպրոցի տնօրեն - Դպրոցն այսօր պատրաստ է ամբողջովին վերակառուցված, վերանորոգված, ամուր, ապահով, հագեցած լաբորատորիաներով դիմավորել իր աշակերտներին:

Հիմնանորոգված դպրոցն ունի ժամանակակից համակարգչային դասասենյակ, մարզադահլիճ, միջոցառման սրահ:

Զարուհի Բաթոյան, ԱԺ պատգամավոր - Ուզում եմ  նշել, որ մատչելիությունը միայն ֆիզիկականով չի պայմանավորված, այլ շատ կարևոր է նաև ուսուցիչների, ծնողների, աշակերտների վերաբերմունքը և կազմակերպվածությունը, և այս իմաստով, կարծում եմ՝ բավականին ճկուն կգտնվեն:

Այս տարի արդեն մեկնարկել են ևս երկու դպրոցների վերակառուցման աշխատանքները: Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող բոլոր դպրոցները սեյսմակայուն են՝ մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում