Բարի գալուստ դպրոց. առաջին զանգը հնչեց շուրջ 37 հազար աշակերտի համար

ԱԱրման Գալոյան

Առաջին դասարանցիների համար ուսումնական տարին սկսվեց օգոստոսի 31-ին: Համավարակով պայմանավորված՝ ԿԳՄՍ-ն դպրոցներին առաջարկել էր սեպտեմբերի 1-ին կուտակումներից խուսափելու համար առաջին դասարանցիներին դիմավորել մեկ օր շուտ:

Մարգարիտա Քուշկյան (Երևանի Արտեմ Միկոյանի անվան համար 166 հինական դպրոցի տնօրեն) - Այս ուսումնական տարում աշխատելու ենք կիսվող դասարաններով՝ առաջին և երկրորդ խմբերով: Այսօր առաջիններն ամբողջական դասարանով են եկել, կուղեկցենք իրենց դասարանները, մեկ ժամ կծանոթանան ուսուցչի հետ, կստանան իրենց նվեր դասագրքերը, և կճանապարհենք տուն:

Հանրապետության դպրոցներն իրենց դռներն առաջին անգամ այսօր բացեցին շուրջ 37 հազար աշակերտի համար: Ուսուցիչներն ուրախ են, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ կարողանում են հենց դպրոցից բարի երթ մաղթել փոքրիկներին: 

Ռուզաննա Բլեյան (ուսուցչուհի) - Տարիներ շարունակ ինչքան էլ ընդունենք սերունդներ, մեկ է՝ միևնույն ժամանակ հուզվում ենք և ուրախանում ենք, բնականաբար:

Դասերը կազմակերպվելու են ամենօրյա առկա ռեժիմով՝ անկախ դասարանում աշակերտների թվից, սակայն ուսումնական հաստատության որոշմամբ՝ դասապրոցեսը կարող է կազմակերպվել նաև օրը մեջ՝ առանձին խմբերով: Երևանի համար 166 հիմնական դպրոցում առաջին դասարանցիների համար փոքրիկ տոն էր, մինչ դասարան գնալը՝ խաղեր, երգ ու պար:

Աշխեն Թովմասյան (առաջին դասարանցի) - Էսօր առաջին դասարանին ես գալու եմ, որ լավ սովորեմ: Ես շատ էի ուզում գայի, որ սովորեի:

Սառա Ավետյան (առաջին դասարանցի) - Ես էսօր առաջին անգամ եմ դպրոց եկել ու շատ ուրախ եմ: Ինձ թվում ա՝ բժշկուհի կդառնամ:

Ալեքս Սիմոնյան (առաջին դասարանցի) - Ես ուզում եմ գնամ դպրոց, որ լավ աշխատանք ինձ գտնեմ, որ ես միշտ լավ լինեմ:

Համավարակի ընթացքում դասապրոցեսի անցկացման հետ կապված մյուս կարգավորումները կհրապարակվեն առաջիկայում:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում