Ապահովագրել խաղողը կարկուտից, հրդեհից ու ցրտահարությունից

ԳԳայանե Թամամյան

Շուտով խաղողի ակտիվ բերքահավաքն է: Սակայն մինչև այդ գյուղատնտեսներից լուրջ ջանքեր են պահանջվում խաղողի վազը բնության սպառնալիքներից փրկելու համար: 2019 թ. սեպտեմբերից Հայաստանում ներդրված գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրն օգնում է գյուղացիներին նվազեցնել ռիսկերը: Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուի խոսքով՝ տարեցտարի ավելանում է ապահովագրողների թիվը:

Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ) - Ապահովագրվել է շուրջ 467 հա տարածք, շուրջ 60 տոկոսը կնքվել է համակցված ռիսկերի ապահովագրությունից, այսինքն՝ եթե տնտեսվարողը միևնույն մշակաբույսի դեպքում համակցված ռիսկերից է ապահովագրում, այսինքն՝ երկու ռիսկից միաժամանակ, այս դեպքում ապահովագրավճարի 10 տոկոս զեղչ է լինում:

Խաղողն ապահովագրվում է կարկուտից, հրդեհից ու գարնանային ցրտահարությունից: Տնտեսվարողն ինքն է ընտրում՝ ո՛ր ռիսկից ապահովագրի բերքը, և, կախված տվյալ համայնքում գտնվող ռիսկային գոտուց, հաշվարկվում է, թե գյուղատնտեսը որքան պետք է վճարի բերքն ապահովագրելու համար: Արմավիրի մարզի Արևիկ գյուղի գյուղատնտես Քաջիկ Դավթյանն այս տարի առաջին անգամ է ապահովագրել բերքը:

Քաջիկ Դավթյան (գյուղատնտես) - 7500 մ ապահովագրել եմ խաղողի այգի, վճարել եմ մոտ 44.100 քանի դրամ ա, սուբսիդն էլ հետը առանձին, էտի ինչ որ պետք ա՝ ես վճարեմ: Նորմալ գին ա, չենք դժգոհում:

Դավթյանի կարծիքով՝ քչերը գիտեն ապահովագրության մասին, իսկ ինքը թեև այս տարի վնասի փոխհատուցում չի ստացել, միևնույն է՝ գոհ է և ավելի հանգիստ:

Քաջիկ Դավթյան - Ճիշտն ասած, այգում եղել ա էդ պրոցեսը և՛ ցրտահարության հետ կապված, և՛ կարկուտի: Էս ամսի սկզբներին կարկուտ եկավ ստեղ, ուղղակի թույլ էր, վնասը փոքր էր, չենք դիմել:

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում անցած տարի օգտվել են խաղողի համակցված ապահովագրությունից և ստացել վնասի փոխհատուցում: Նշան Նալբանդյանն ասում է՝ ապահովագրության համար ձևավորված հանձնաժողովը ժամանակին եկել է, գնահատել վնասը, բերքահավաքից առաջ վերջնական ուսումնասիրել և հետո կատարել վնասի փոխհատուցում:

Նշան Նալբանդյան (գյուղատնտես) - Մոտ 25-30 տոկոս վնաս եմ կրել: Ստացել եմ մոտավորապես 200 հազարի մոտ գումար, գարնան ցուրտը, կարկուտի տված վնասները իրանք նայեցին, հաշվարկեցին, ապահովագրեցին, տվին էլի գումարը: Հարմար ա, որ ամեն տարի ապահովագրենք ամեն ինչը, շատ լավ կլինի: Գոհ եմ:

Նշան Նալբանդյանն այս տարի գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված լինելու պատճառով չի հասցրել ապահովագրել խաղողի այգին, բախտը բերել է՝ վնասներ չի կրել, մնում է միայն կարողանա վաճառել հյութեղ ու շողշողուն խաղողը, իսկ իրացման խնդիր ունի:

Հեղինակ՝ Հերմինե Նալբանդյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում