Ջրաներկ, յուղաներկ, սուրճ. ներկայացվել են իրանցի նկարիչների աշխատանքները

ԼԼիլիթ Գասպարյան

Իրանցի նկարիչների խմբակային ցուցահանդես՝ Գեղարվեստի պետական ակադեմիայում: 2 ամիս նախապատրաստական աշխատանքից հետո Իրանի 70 նկարիչներ իրենց աշխատանքներն են ներկայացրել հայ արվեստասերներին: Ցուցահանդեսը  բացվել է Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան) - Բոլորս լավ գիտենք, որ Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերը բավական ամուր են: Հուսով եմ, որ նման ցուցահանդեսների շնորհիվ կկարողանանք այդ կապերն ավելի զարգացնել՝ ո՛չ միայն  Հայաստանում կլինեն այսպիսի ցուցահանդեսներ, այլև Իրանում կներկայացնենք հայ արվեստագետների աշխատանքները:

Պաստել, ջրաներկ, յուղաներկ՝ իրանցի նկարիչների աշխատանքային հիմնական միջոցներն են: Հաճախ դրանց ավելանում է սուրճը:

Ֆաթեմեհ Ջամշիդի («Պալետ Դայմոն» նկարիչների խմբի հիմնադիր) - Երեք աշխատանքներն էլ ներկայացնում են ռեալիզմը և սյուրռեալիզմը: Դրանք իրանյան նախշերով են զարդարված: Բոլորի դեպքում էլ օգտագործվել է համադրված տեխնիկա՝ սուրճ, յուղաներկ և ակրիլ:

Ցուցահանդեսին հիմնականում  ներկայացված են կանանց աշխատանքները: Կազմակերպիչների խոսքով՝  նման կերպ ցանկացել են ընդգծել, որ Իրանում կանայք մեծ աշխատանք են կատարում:

Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի (ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական) - Լիահույս ենք, որ ցուցահանդեսները կլինեն շարունակական՝ երկու երկրներում, քանի որ սա լավ հնարավորություն է փորձի փոխանակման, արվեստագետների շփման համար:

Չնայած արձակուրդային շրջան է, բայց համալսարանը մեծ ոգևորությամբ օգնել է իրանցի արվեստագետներին ցուցահանդեսի կազմակերպման գործում, համագործակցությունը շարունակական է լինելու՝ ասում է Արամ Իսաբեկյանը:

Արամ Իսաբեկյան (ՀՀ գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր) - Այս ամբողջը խոսում է այն մասին, որ մենք փորձում ենք համագործակցել մշակույթի, արվեստի լեզվով, որը, ըստ իս, շատ կարևոր է:

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև օգոստոսի 29-ը:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում