«Եռաբլուրում» սկսվել է 44-օրյա պատերազմում զոհվածների շիրմաքարերի կառուցման աշխատանքը

ԱԱրման Գալոյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնարկել է 44-օրյա պատերազմում զոհվածների շիրմաքարերի կառուցման աշխատանքը: Շիրմաքարերի տեխնիկական չափորոշիչն առաջարկել է Պաշտպանության նախարարությունը, քարի տեսակն ընտրել են նահատակների հարազատները:

Վարդան Ավետիսյան (ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական) - Եռաբլուրում այս պահին ունենք հուղարկավորված 885 աճյուն, ծնողներից 380 հոգի ընտրել են սպիտակ մարմարը, 282 հոգի՝ սև գրանիտը, 196 հոգի՝ չինական սպիտակ խաչով քարը, 62 հոգի էլ՝ Փամբակի քարը:

Տեղադրված ժամանակավոր նկարներն ու հուշաքարերը կհանվեն, բոլոր շիրմաքարերը կլինեն համաչափ: Զինվորական պանթեոնում այժմ ընթանում է բիտումապատման գործընթացը, այն նախատեսվում է ավարտել մինչև Սուրբ Խաչի տոնը: Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշում է՝ բիտումապատման վերաբերյալ ծնողների և ՊՆ-ի միջև եղած տարաձայնությունը հարթված է:

Վարդան Ավետիսյան - Որ ասում ենք բիտումապատում՝ դա չի նշանակում, որ հարյուր տոկոսով բիտումապատում ենք, և կանաչազուրկ են լինելու ամբողջ այս չորս հարթակները, որտեղ տեղադրված են մեր երեխաների շիրիմները: Նախատեսում ենք, որ բիտումապատումը շինարարական պարտադիր պահանջ է, պայման, որովհետև այս հուղարկավորված շիրմատեղիներն անպայման պետք է ամրաշինական կառույցներով իրականացվեն, այդ իսկ կտրվածքով բիտումապատում պետք է իրականացվի քարերի, տապանների տեղի համար:

Եռաբլուրում նախատեսվում է կանգնեցնել նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշարձան: Նախագիծը պատրաստ է, Ավետիսյանի խոսքով՝ կառուցման աշխատանքները կսկսվեն հայտարարված մրցույթի ավարտից հետո:

Վարդան Ավետիսյան - Իրենից ներկայացնելու է մեծ մեմուար, որի վրա փորագրված է լինելու՝ «Փառք նահատակներին», դեմքով նայելու է դեպի Մասիս սարը և այս հարթակները վերցնելու է իր ափերի մեջ:

Պատերազմում նահատակվածների շիրմաքարերի կանգնեցման գործընթացը ծրագրված է ավարտել մինչև այս տարվա վերջ, եթե դրան չխոչընդոտեն եղանակային պայմանները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում