Ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն արվեստանոց-ցուցասրահ է բացել Հայաստանում

ՄՄարի Կոստանյան

Առաջին հայացքից այս կտավները կարող են լուսանկարներ թվալ: Հենց այդ ինքնատիպ մտածողության ու ձեռագրի միջոցով էլ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի վրձնին պատկանող յուղաներկ ստեղծագործություններն առանձնանում են գեղանկարչության արդեն հայտնի ոճերից: Նյու Յորքում ստեղծագործող հայ նկարիչն այսուհետ ինքնատիպ արվեստանոց-ցուցասրահ կունենա հայրենիքում, որի դռները բաց կլինեն ոչ միայն այցելուների, այլև ստեղծագործողների համար:

Տիգրան Ձիթողցյան (նկարիչ) - Ուզում սա երազանքի տեղ լինի բոլորի համար, ոչ միայն իմ:

Չեմ դասավանդում, բայց արվեստանոցում պատրաստ եմ հյուրընկալել երիտասարդ արվեստագետների՝ հուշելու և օգնելու համար՝ ասում է Տիգրանն ու հաստատապես ընդգծում՝ արվեստանոցը փորձի փոխանակման բաց հարթակ պետք է դառնա:

Այսպիսի արվեստանոց ունենալը Տիգրանի երազանքն է եղել, իսկ նախագծի հեղինակը ճարտարապետ Արսեն Կարապետյանն է: 

Արվեստանոցն իդեալական աշխարհի իր պատկերացումն է, որտեղ նկարիչը թույլ է տալիս մուտք գործել՝ բացելով նաև ներաշխարհը բոլորի առաջ: Մինիմալիստական լուծումներով այս կառույցում առաջինը ցուցադրության է ներկայացվել կրկին մինիմալիստական «Ինքնամեկուսացում» շարքը: Նյու Յորքի բնակարանում համաճարակի ամենախիստ սահմանափակումների օրերին Տիգրանը ևս փակված էր, բայց պատուհանից ուշիուշով հետևում էր ամայացած փողոցին ու կտավին էր փոխանցում սահմանափակ ֆիզիկական տարածության և մարդկային ազատության անհամապատասխանությունը: 

Աշխատանքների մի մասն անավարտ է, և բնական է՝ ներկաները ոչ թե ցուցահանդես, այլ արվեստանոց են եկել: «Ինքնամեկուսացումից» զատ՝ պատերից կախված են նաև աշխատանքներ «Հայելիներ» շարքից, բայց սա դեռ սկիզբն է արվեստանոցում, շուտով գուցե քանդակներ էլ լինեն: Գծագրեր ու փորձեր արել է, մնում է սկսել: 

Արվեստանոց-կեցավայրերի, արվեստանոցային ցուցադրությունների ու հավաքների մոդելը ժամանակակից աշխարհում լայն տարածում ունի, Ձիթողցյան արվեստանոցն էլ կդառնա հայկական իրականության այն հազվադեպ հարթակներից մեկը, որտեղ ժամանակակից արվեստագետները կստեղծագործեն կողք կողքի:

Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում