Ծրագրավորողից՝ գինեգործ․ կրթական ծրագիր ապագա գինեգործների համար

ՔՔրիստինե Ոսկանյան

Լաբորատորիայի մի հատվածում գինու մեջ սուլֆիտի քանակն են որոշում, մյուսում՝ ալդեհիդների: Երևանի գինու ակադեմիայի այս լաբորատորիայում 18-ամսյա կրթական ծրագրով ապագա գինեգործներ են պատրաստում:

Միքայել Միքայելյան (Երևանի գինու ակադեմիայի գինու լաբորատորիայի վարիչ) - Տարիքային սահմանափակում չունենք, ուսանող ենք ունեցել՝ 60-ն անց է եղել:

Անկախ տարիքից, մասնագիտությունից ու նախասիրություններից՝ այստեղ գինեգործության հմտություններ են սովորեցնում: Հակոբը մասնագիտությամբ արևելագետ է, բայց ավելի քան 10 տարի ծրագրավորման ոլորտում է աշխատում: Որոշել է նաև գինեգործությամբ զբաղվել, մի քանի ամիս է՝ գինու խմորումներին է ծանոթանում:

Հակոբ Կազանջյան (ուսանող) - Գինու որակի վրա ազդում է խաղողի որակը. ամեն ինչ սկսվում է խաղողի այգում:

Արդեն հասցրել է սեփական գինու արտադրություն սկսել: Հնեցված գինին անցած տարի է շշալցրել: Հակոբը միակը չէ: Ակադեմիայի ուսանողներից գրեթե բոլորը գինու արտադրություն ունեն, ով էլ չունի՝ առաջին քայլերն է անում:

Միքայել Միքայելյան - Հետաքրքիր միտում կա. աղջիկները, կանայք ավելի շատ են սկսել հետաքրքրվել գինեգործությամբ:

Ծրագիրն իրականացվում է Գայզենհայմի համալսարանի հետ համատեղ: Բարձր առաջադիմությամբ ուսանողներին տրամադրում են միջազգային, իսկ ովքեր գիտելիքներով աչքի չեն ընկել՝ Երևանի գինու ակադեմիայի սերտիֆիկատ: Այստեղ դասավանդում են ինչպես Հայաստանի գինու ոլորտի լավագույն մասնագետները, այնպես էլ եվրոպական համալսարանների դասախոսները: 

Միքայել Միքայելյան - Առաջին դասախոսը Միլանի համալսարանից է եղել, Գերմանիայից ենք մասնագետ ունեցել, այս տարվա ուսանողները դասերն անցել են Աթենքի համալսարանի պրոֆեսորի հետ:

Ուսանողները, կրթության ծրագրի շրջանակում, մասնակցում են գինու պատրաստման ամբողջ ընթացքին՝ էտից մինչև բերքահավաք, մթերումից մինչև շշալցում: Այստեղ նաև կույր համտեսների միջոցով են գինին բացահայտում: Համ ու հոտի միջոցով փորձում հասկանալ՝ գինին ինչ խմորումներով է անցել, որտեղ է հնեցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում