Հայաստանում էկզոտիկ բույսերի աճեցման համար բարենպաստ պայմաններ կան

ՔՔրիստինե Ոսկանյան

Չինական դեղաբույսը սթրեսի դեմ պայքարի հրաշալի միջոց է, մեր երկրում փորձարկումների փուլ է անցնում: Գիաշխատողները փորձում են հասկանալ բույսը հիդրոպոնիկ պայմաններում՝ գլաքարի ու հրաբխային խարամի մեջ իրեն ինչպես կդրսևորի:

Արդեն հասկացել են՝ բույսը Հայաստանի արևին իրեն լավ չի զգում՝ ջերմային սթրեսին չի դիմանում՝ զով պայմաններ է սիրում: Այժմ անհող պայմաններում փորձում են բարենպաստ պայմաններ ապահովել:

Աննա Թադևոսյան (Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն) - Ներկայացրել էինք ՊՆ՝ զինվորների համար բույսի պատրաստուկը օգտագործելու համար, որովհետև մթության մեջ սրում է տեսողությունը և լսողությունը, բարձրացնում է աշխատունակությունը:

Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փորձարարական կայանում աշխարհի տարբեր մայրցամաքներից բերված հարյուրավոր դեղաբույսեր, եթերայուղատու, սննդարար ու ներկաբույսեր են անհող պայմաններում աճեցնում ու ուսումնասիրում:

Սպիտակուցներով հարուստ այս բույսի հատիկները բուսակերների համար մսի փոխարինիչ են, օգտագործվում է նաև կաթի, պանրի արտադրության մեջ: Սոյան Հայաստանի պայմաններում ուսումնասիրելու համար գիտաշխատողները դրամաշնորհի են դիմել: Բայց արդեն հասցրել են պարզել՝ հիդրոպոնիկ պայմաններում ավելի շատ բերք է տալիս:

Աննա Թադևոսյան - Հայաստանը մեծ պոտենցիալ ունի սոյա արտադրելու համար:

Սա էլ հնդկական աշվագանդան է: Արմատները բժշկության մեջ օգտագործվում են 3000 տարի: Հակաքաղցկեղային է, հակասթրեսային, կարգավորում է արյան ճնշումը, խթանում իմունային համակարգը:

Առաջին անգամ է Հայաստանում աճեցվում. բույսի հետ կապված՝ այստեղ հեռահար նպատակ ունեն:

Աննա Թադևոսյան - Դեղաբույսերի բանկը հարստացնենք ևս մեկով, ոչ թե ներմուծենք, այլ մենք ինքներս արտադրենք:

Սա արդեն ինստիտուտի հյուսվածքային կուլտուրայի լաբորատորիան է: Սրվակներում ու հատուկ սննդամիջավայրում, կլոնալ միկրոբազմացման մեթոդով, բույսերի առողջացած սերմանյութ են ստանում:

Անուշ Վարդանյան (Հյուսվածքային կուլտուրայի լաբորատորիայի աշխատակից) - Կարտոֆիլի պալարը ստացվել է միկրոբույսերից, որոնք կլոնավորման միջոցով բազմացվել են ինվիտրո պայմաններում, հետագայում կարող են դառնալ սուպեր էլիտա տնկանյութ՝ բաց դաշտում տնկելու, մշակելու համար:

Ինվիտրո պայմաններում մեկ ամսում հասուն սրվակային բույս են ստանում: Արդեն ունեն կարտոֆիլի վիրուսազերծ 14 սորտ, դեկորատիվ մեխակի տեսակեր, նաև տարբեր եթերայուղատու բույսեր ու դեղաբույսեր՝ ծնեբեկ, նարդոս:

Ինստիտուտում վստահեցնում են՝ փորձարարական փուլում գտնվող էկզոտիկ այս բույսերը Հայաստանում աճեցնելու, դեղաբույսերի արտադրություն սկսելու լավ հնարավորություն կա: Հատկապես, որ մեր երկրում ավելի քան 50.000 հա աղուտ, քարքարուտ հողատարածքներ կան, որոնք ավանդական գյուղատնտեսության համար պիտանի չեն, բայց կարող են վերածվել բացօթյա հիդրոպոնիկումների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում