Եղեգիս համայնքում բացվել է առաջին մանկական զարգացման կենտրոնը

ՌՌոզա Խաչատրյան

Արդեն գրեթե մեկ ամիս է, որ Վայոց ձորի Եղեգիս համայնքում գործում է «Յունիկուս» զարգացման կենտրոնը, որը տասնամյակների ընթացքում խոշորացված համայնքի 11 բնակավայրերի համար գործող առաջին մանկական կենտրոնն է: Այս գյուղերում անգամ սովորական մանկապարտեզ չի եղել: Հիմա Վայոց ձորի թեմի և «Սյունիք-զարգացում» ՀԿ նախաձեռնությամբ ստեղծվել է «Յունիկուսը», որը որակապես նոր մոտեցում է ցուցաբերում՝ գործում է որպես զարգացման կենտրոն, որն ապագայի քաղաքացի է դաստիարակում: 

Եղեգիս համայնքի շահառուների թիվը մեծ է, այստեղ 3-6 տարեկան 250 երեխա է բնակվում: Այս պահին «Յունիկուս» են հաճախում 50-ը: Վաղուց սպասված այս ծրագիրը ոգևորությամբ են ընդունել նաև մարզային իշխանությունները, պատրաստ են համակողմանի աջակցություն ցուցաբերել:

Զարգացման կենտրոնում համերաշխ և պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել, բազմաբնույթ պարապմունքները ներառում են խոսքի զարգացման հմտություններ, երաժշտական դաստիարակություն, տարրական մաթեմատիկական գիտելիքներ և այլընտրանքային նկարչություն: Մասնագետներ ընտրելիս նախապատվությունը տվել են արցախցիներին:

«Յունիկուսում» չեն մոռացել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին. նրանց համար իրականացնելու են ինտեգրման ծրագրեր: Սկզբում երեխաների ադապտացիայի հետ կապված մտավախություն ունեին, բայց ծնողների ու երեխաների ոգևորությունն օգնում է հաղթահարելու բոլոր խնդիրները:

Առաջին ամսվա ընթացքում 50 երեխաների հետ աշխատանքի հաջողված փորձառությամբ ոգևորված կենտրոնի թիմն արդեն մտածում է մոտ 150 երեխա ընդունելու մասին: Իսկ հեռանկարում 250-ն են: Ուզում են, որ համայնքի բոլոր երեխաները դաստիարակվեն «Խելացի պարտեզ՝ խելացի մանուկ» սկզբունքով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում