Հայաստանում վաղը նշելու են Երիտասարդության օրը

ՔՔրիստինե Ոսկանյան

Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներ վաղը կանցկացվեն բոլոր մարզերում, փոքր ու մեծ համայնքներում, բայց որպես տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառումների էպիկենտրոնը Կապանն է լինելու: 18:30-ից կլինեն տաղավարային ցուցադրություններ, ազգային պարերի վարպետաց դաս, ինտերակտիվ խաղ-մրցույթ ու մրցանակաբաշխություն, նաև համերգ տեղի կունենա: Կապանի երիտասարդների ցանկությամբ միջոցառումն էլ կեզրափակվի դիսկոտեկով: Երևանում, կեսօրին, պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի մասնակցությամբ քայլերթ կանցկացվի՝ Հյուսիսային պողոտայից կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ: 

Երևանում համերգային ու մշակութային ծրագիր այս տարի չի նախատեսվում, փոխարենն ակվարիում ֆորմատով բաց քննարկում կկազմակերպվի չորս ուղղությամբ: Փորձագետների օգնությամբ, հարց ու պատասխան ձևաչափով կքննարկվեն մրցունակ գիտության ու ոչ ֆորմալ կրթության հարցերը, մարզերում երիտասարդների սոցիալական անարդարությունն ու համաչափ զարգացվածությունը, բուհից աշխատաշուկա ճանապարհին հանդիպող խնդիրները: Վերջին՝ չորրորդ թեման պարենային անվտանգության հարցն է, սա ՄԱԿ-ի այս տարվա ընտրած ուղղությունն է:

Արևիկ Համբարձումյան (The LOFT կենտրոնի տնօրեն) - Առանձնացնելով այս խնդիրները՝ ոչ թե ուզում ենք երիտասարդներից լսել, թե ինչ խնդիրներ ունենք, այլ ուզում ենք իրենց հետ զրուցել հնարավորությունների ու կարողությունների շուրջ, ինչպես են տեսնելու խնդիրների լուծումները:

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երիտասարդության ռազմավարության նախագիծը լրամշակման փուլում է: Երեք թիրախ են առանձնացրել՝ երիտասարդների ինքնադրսևորման հնարավորություն, քաղհասարակության ու նախարարության գործակցություն, երիտասարդների սահմանափակ հնարավորությունների ընդլայնում: Նախագծով մի շարք խնդիրներ են պատրաստվում լուծել: 

Վաղը ինտերակտիվ քննարկման միջոցով կկարողանան վերհանել նոր խնդիրներ: Մտահոգող հարցերն էլ կներառեն ռազմավարության նախագծում:

Նախագծում անդրադարձել են նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած տղաների խնդիրներին: Մարզերում երիտասարդների օրը հետաքրքիր դարձնելու համար էլ կառավարության հետ գործակցությամբ առաջիկայում ևս մեկ Լոֆթ կենտրոն կբացվի նաև Վանաձորում: Եթե հաջողեն, նույն մոդելով կգնան նաև այլ մարզեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում