Լարված իրադրություն Լիտվայում. ցուցարարները բողոքել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ

ԴԴավիթ Մուրադյան

ՌԴ-Ն ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԲԱԶԱՆԵՐԸ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա: Նա ասել է, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանը և չհարձակվել հարակից տարածքների վրա: Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի համատեղ վարժանքներ անցկացնել: Նա հիշեցրել է, որ օրերս թալիբները գրավել են Աֆղանստանի ամենակարևոր կենտրոնների մեկը համարվող Կունդուզ բնակավայրը: Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար «ուղղակի ագրեսիայի դեպքում»: Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը: Շոյգուի խոսքով՝ տվյալ դեպքում հարցը վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը: Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Տաջիկստանն ու Ուզբեկստանը պատրաստ լինեն հետ մղելու հնարավոր սադրանքները:

ԼԱՐՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅՈՒՄ

Անցած գիշերը լարված է անցել Լիտվայի մայրաքաղաքում: Վիլնյուսում հավաքված ցուցարարները բողոքել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ: Ցուցարարները բողոքել են կառավարության նախատեսած նոր կարգավորումների դեմ, ըստ որոնց հանրային վայրերում սպասարկումն արվելու է միայն ամբողջությամբ պատվաստված քաղաքացիներին: Ոստիկանությունը մի քանի հարյուր ցուցարարին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ: Ի պատասխան՝ բողոքի ակցիայի մասնակիցները շպրտել են քարեր, շշեր և պայթեցրել անհայտ պայթուցիկ, որը ցնցել է քնած քաղաքը: Վեց մարդ բերման է ենթարկվել: Հիմնական ակցիան տեղի է ունեցել Լիտվայի խորհրդարանի՝ սեյմասի դիմաց: Ցույցի ընթացքում մասնակիցները խոչընդոտել են պատգամավորների մուտքը խորհրդարան և բռնություն գործադրել օրենսդիրների ու լրագրողների հանդեպ: Միաժամանակ Լիտվայի Ռուդնինկայ կոչվող ճամբարում, որտեղ պահվում են ներգաղթյալները, բռնկվել է ապստամբություն: Մի քանի տասնյակ ներգաղթյալ վնասել է ճամբարի շուրջ փշալարը և փորձել փախչել այնտեղից: Ոստիկանությունն ավելի ուշ վերադարձրել է նրանց: Լիտվայի ներքին գործերի նախարարությունը Վիլնյուսի և Ռուդնինկայի միջադեպերը համարել է միմյանց հետ կապված և համակարգված:

ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԼԱՏՎԻԱ-ԲԵԼԱՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԻՆ

Լատվիան Բելառուսի հետ սահմանին հռչակել է ներգաղթային արտակարգ դրություն: Այն տևելու է մինչև նոյեմբերի 10-ը: Նախօրեին կառավարության ընդունած որոշումն իրավապահ մարմիններին թույլ է տալիս արտակարգ իրավիճակներում ավելի արագ և արդյունավետ որոշումներ կայացնել: Սահմանապահներն իրավունք են ունենալու անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու դեպքում ուժ կիրառել: Նրանց օգնելու համար հնարավոր է լինելու նաև ներգրավել ոստիկանության և զինված ուժերի ծառայողներին: Արտակարգ դրությունը գործելու է Բելառուսի հետ սահմանային չորս մարզերում և Դաուգապվիլս քաղաքում: Լատվիայի սահմանապահ ծառայության ղեկավարությունը հայտնել է, որ միայն անցած գիշերվա ընթացքում Բելառուսի հետ սահմանին հայտնաբերվել է 65 սահմանախախտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում