Եռօրյա խիստ հսկողություն է իրականացվում Սևանա լճում. արգելվում է մանրաձկան որսը

ԱԱրևիկ Աբելյան

Երեկվանից Սևանա լճում հատուկ հերթապահություն է իրականացվում: «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ոստիկանությունն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը համատեղ հատուկ միջոցառումներ են իրականացնում՝ մանրաձկան ապօրինի որսով զբաղվողների ցանցերը լճից դուրս բերելու և ոչնչացնելու ուղղությամբ:

Կարեն Մնացականյան, «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն - Երեկ մեր պահպանության ծառայությունը 14 որսացանց է հանել լճից, որոնք տարվել են մեր պահեստ և ոչնչացվել:

Հատուկ հերթապահության համար միակ խոչընդոտն ալեկոծություն է: Որոշ ժամերի նավարկելը վտանգավոր է դառնում:

Կարեն Մնացականյան - Ալիք է, չենք կարողանում լիճ դուրս գալ: Հենց խաղաղվի, շարունակելու ենք միջոցառումը, գնալու ենք դեպի Նորատուսի կողմը:

Թեև հատուկ հերթապահության համար 3 օր է սահմանվել՝ օգոստոսի 9-11-ը, սակայն միջոցառումները կարող են ևս մի քանի օր պահանջել՝ չթույլատրվող չափերով որսացանցերն ամբողջությամբ դուրս բերելու համար:

Կարեն Մնացականյան - 40 մմ-ից ներքև ցանցերը. չեն թույլատրվում: Սևանա լճում արդյունագործական որսի համար ցանցերը պետք է լինեն 40-ից ոչ ներքև:

Պողոս Մարտիրոսյան, «Սևան» ազգային պարկի արագ արձագանքման բաժնի ղեկավար - Ապօրինի ձկնորսության, առավել ևս՝ մանրաձկան որսի դեմ անզիջում պայքարելու ենք: Հանդիպումներ են եղել, բացատրական աշխատանքներ են տարվել, որ մանրաձուկ չորսան: Այնուամենայնիվ, ինչպես տեսաք, ապօրինություններ կատարվում են: Պետք է այնքան ժամանակ աշխատենք, մինչև դրանք բացառվեն:

Հատուկ հերթապահությունն իրականացվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ: Սեպտեմբերի 1-ից որսաշրջանի երկրորդ փուլն ավարտվում է: Նորի մեկնարկը որոշելու է կառավարությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում