Սյունիքում արտադրում են օճառ՝ առանց հավելանյութերի

ԳԳոհար Սարգսյան

Սյունյաց լեռների յուրահատուկ ծաղիկներից և բուժիչ խոտաբույսերից արդեն 2 տարի է՝ արտադրվում է բնական օճառ: Սուրենը և Մարիան համատեղ կյանքի արդյունքում են որոշել ստեղծել բնական հումքով օճառների արտադրություն:

Բիզնես ծրագիրը կյանքի կոչելու համար զույգին օգնեց World vision կազմակերպությունը: Սեփական տան փոքրիկ սենյակը վերածեցին արտադրամասի և անցան գործի: Արտադրում են բնական հումքից, առանց հավելանյութերի և գունանյութերի բնական օճառ, ինչպես նաև կոսմետիկ միջոցներ:

Սուրեն Բաբայան - Երկար ժամանակ մտածում էի, թե ինչ հիմնեմ, որպեսզի աշխարհին ճանաչելի դարձնեմ Սյունիքը, և այդ ժամանակ եկավ օճառի արտադրությունը: Մեր օճառներում լեռնային խոտաբույսերից օգտագործում ենք ուրց, դաղձ, որը մենք ինքներս ենք հավաքում Խուստուփի լանջերից:

Արտադրանքը սպառողին ներկայացնելուց առաջ սերտիֆիկացվում է, ապա հստակեցվում դրա անունն ու տեսքը: Մակնշումը՝ «Նուռի», իսկ փաթեթավորելիս ընդգծում են Սյունիքը:

Մարիա Պետրոսյան - Օճառների փաթեթավորման զարդանախշը ուրվագծված Խուստուփ լեռն է, որը համարվում է Սյունիքի վսեմության խորհրդանիշը, քանի որ արտադրամասը և արտադրանքը հենց Սյունիքինն է, և օգտվում ենք Սյունիքի բնությունից, այդպիսով շեշտադրում ենք, որ արտադրանքը Սյունիքից է:

Աշխատանքներով անձամբ զբաղվում են Սուրենն ու Մարիան: Ամեն ինչ անում ենք ես և կինս, նշում է Սուրենը, սակայն արտադրության ծավալը դեռ փոքր է: Սուրենը զբաղվում է հումքի վերամշակմամբ, իսկ Մարիան՝ խոտաբույսերի ընտրությամբ ու փաթեթավորմամբ: Ցանկացած նոր արտադրանքի արդյունավետությունն էլ առաջինն իրենք են փորձարկում, որ կարողանան գնահատել արտադրանքի որակը:

Սուրեն Բաբայան - Ուսումնասիրելով վերհանեցինք մաշկային խնդիրները թեթևացնող միջոցները և սկսեցինք արտադրել հենց մաշկային խնդիրների համար քսուկներ:

«Նուռի» անվամբ բնական օճառներում խոտաբույսերից բացի օգտագործում են չիչխան, նուռ, վարունգի մզվածք և ջրիմուռներ: Օճառների տեսականին հաճախ փոփոխում են՝ ըստ սպառողի պահանջի: Վերջերս գնորդների դատին են հանձնել մազաթափության դեմ նոր միջոց՝ ալոեի մզվածքով և կոկոսի յուղով:

Մարիա Պետրոսյան - Փորձում ենք յուրաքանչյուր խոտաբույս հավաքել հենց այն սեզոնին, այն ժամանակահատվածում, որ նրանք առավելագունը պահպանեն իրենց օգտակար հատկությունները: Չորացնում ենք միայն բնական արևի ներքո, այդպիսով խուսափում ենք ավելորդ ճառագայթներից:

Մեր նկարահանման ժամանակ Սուրենը ստեղծեց նոր արտադրանք` ֆուկուսի և ջրիմուռի փոշիով՝ միմիկային կնճիռների դեմ:

Սուրենը աշխատակիցներ և առանձին արտադրամաս դեռ չունի, իսկ վաճառքն իրականացնում է առցանց տարբերակով: Վստահ է` մի օր կընդլայնի բիզնեսը և ամբողջ աշխարհին ճանաչելի կդարձնի Սյունիքի լեռներում աճող բարիքների բնական ազդեցությունը:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում