Սկզբում 2, հիմա՝ 7 մասնագիտություն. ապագա փրկարարները ավարտական դիպլոմներ են ստացել

ՌՌոզա Խաչատրյան

29 տարի առաջ որպես կադրերի վերապատրաստման ինստիտուտ աշխատանքն սկսած Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մինչև այսօր 2215 շրջանավարտ է ունեցել: Նրանցից 251-ն ստացավ ամենամարդասեր ու պատասխանատու աշխատանքի որակավորումը:

Դիպլոմների հանձնման արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. Արցախյան վերջին պատերազմին ակադեմիայից մասնակցել է շուրջ 90 ուսանող և շրջանավարտ, նրանցից 16-ը զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Պատերազմի մասնակիցներից մեկը՝ Ալբերտ Շաղոյանը, բացի ավարտական դիպլոմից տուն տարավ նաև «Անվեհեր փրկարարի» մեդալը:

Ապագա և արդեն գործող փրկարարները երդվեցին՝ իրենց աշխատանքը կկատարեն բարեխղճորեն ու մեծ պատասխանատվությամբ:

«Համագործակցություն՝ հանուն փրկության» մեդալի արժանացավ աշխարհի քառակի, Գինեսի եռակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը: Նրա ռեկորդների թիվը Հայաստանում հասնում է 21-ի:

Յուրի Սաքունց, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ - Չեմ փոշմանել, որ ընդունվել եմ այս ակադեմիա: Այստեղ ամեն ինչ կանոնակարգված է, ստացել ենք շատ լավ գիտելիքներ, որոնք հետագայում պետք են գալու մարդասեր և լավ գործի համար:

Ակադեմիայի շրջանավարտները զբաղվածության խնդիր չեն ունենում: Նրանց մեծ մասը՝ շուրջ 400 շրջանավարտ, աշխատում է ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում, մի մասը՝ պետական կառույցներում:

Անահիտ Ոսկանյան, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ - Ուրախ եմ, որ ընդունվել եմ այստեղ, քանի որ բացի մասնագիտական որակներից, ուսանողներին տրվում են նաև մարդկային որակներ: 

Սկզբում 2, հիմա արդեն 7 մասնագիտություն է ուսուցանվում այստեղ: Եզակի բուհ է, որտեղ կարելի է ստանալ այսպիսի կրթություն:

Փրկարարական գործ, Կիրառական սեյսմոլոգիա, Կառավարում արտակարգ իրավիճակներում. միայն այս մասնագիտություններին ավելացել է նոր՝ Հեռավար կառավարվող սարքերի տեխնիկ-օպերատոր մասնագիտությունը: Տեխնիկ-օպերատորները կհշետացնեն փրկարարների աշխատանքը՝ մարդու համար դժվարամատչելի վայրեր ջուր, սնունդ, փրկօղակ և այլ առարկաներ հասցնելով: Նրանք նաև ծրագրավորման նրբություններին լավ կծանոթանան՝ նշում է ակադեմիայի ռեկտորը:

Համլետ Մաթևոսյան, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր - Սարքը կարող է թռչել, եկավ, կպավ պատին՝ արդեն մրջյունի նման սկսում է պատը մագլցել, անցավ՝ կսկսի թռչել, իջավ գետնին՝ կսկսի քայլել:

Ակադեմիայի աշխատանքից ու ուսանողների կրթական մակարդակից գոհ է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը:

Անդրանիկ Փիլոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար - Հուսով եմ, որ այն, ինչ այսօր մեր ուսանողներն ստանում են այս պատերի ներսում, օգտագործում են ի փառս մեր երկրի զարգացման:

Ակադեմիայում տրվող գիտելիքները կիրառելի են ոչ միայն փրկարարի աշխատանքում, այլև պետական մյուս գերտեսչություններում, մասնավորապես՝ ՊՆ-ում՝ նշում է Փիլոյանն ու հավելում՝ այս տարի դիմորդների պակաս կա:

Անդրանիկ Փիլոյան - Ունենք շուրջ 300 տեղ, այս պահի դրությամբ ունենք մոտ 78 դիմորդ, եթե համեմատական անցկացնենք նախորդ տարվա հետ, նվազում կա:

251 շրջանավարտներից 24-ը գերազանցությամբ են ավարտել, բոլորը՝ աղջիկներ:

Ոլորտում խրախուսում են իգական սեռի ներկայացուցիչների ակտիվությունը, բայց ընդգծում են՝ կան մասնագիտություններ, որոնք հատկապես տղամարդկանց համար են նախատեսված: Ակադեմիայում ընդունելությունը կավարտվի օգոստոսի վերջին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում