Նախկին ռազմագերին արդեն թռչնաբուծարան ունի

ԳԳայանե Թամամյան

Այրում քաղաքում օրը զինվորինն է: Այն սկսվեց 44-օրյա պատերազմում զոհված այրումցի կամավորական Վանիկ Անտոնյանի շիրիմին հարազատների այցով: Իսկ 2-րդ անգամ ծնված, նախկին զինվոր, 20-ամյա Նարեկի համար նոր կյանք է սկսվում, հիմա նա ունի ոչ մեծ թռչնաֆաբրիկա:

Հայկ Սարգսյան (ՀՀ ԱԺ պատգամավոր) - Հիմա ինքը անկոտրում է ու պատրաստ է աշխատել, շենացնել իր երկիրը: 

Ժամկետային զինծառայող Նարեկ Ամիրջանյանը 44-օրյա պատերազմի թեժ կռիվների 10-րդ օրը վիրավորվեց ու գերեվարվեց: 70 օր գերության մեջ մնալուց հետո վերադարձավ ու վիրահատվեց: Հիվանդանոցում նրան տեսակցելու եկած նախաձեռնող խմբից էլ անսպասելի առաջարկ ստացավ:

Նարեկ Ամիրջանյան (Այրում քաղաքի բնակիչ) - Հայկ Սարգսյանը, Զորիկ և Զորայր եղբայրները եկան, 3 առաջարկ արեցին. հավաբուծություն, ճագարաբուծություն և համակարգչային ցանցի կետ: Ես ընտրեցի հավաբուծությունը. դա, ոնց որ, հեռանկարային լինի:

Ծնունդով այրումցի Հանիսյան եղբայրները Նարեկին մանկուց են ճանաչում, նրա գերի ընկնելու լուրը նրանց ցնցել էր, հիմա ուրախ են, որ կարող են օգնել նրան բնականոն կյանք վերադառնալ, գործն էլ նրա սրտով է: Նախաձեռնությունը 4 ամսում իրականություն դարձավ, գտնվեցին աջակիցներ:

Զորիկ Հանիսյան (նախաձեռնող խմբի անդամ) - Նարեկն արդեն կարող է զբաղվել բիզնեսով, այս պարագայում բիզնեսը լավագույն անտիսթրեսն է: Նման պրոյեկտներ իրականացնելու համար մոտ 9 մլն դրամ է պետք: Հստակ կարող ենք ասել, որ Նարեկի ընտանիքն ամբողջությամբ կապահովվի զբաղվածությամբ: 

Ծրագիրը կյանքի կոչելուն աջակցել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամը: 

Փիթեր Աբաջյան («Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մեծ հույսեր ունինք, որ ինքը և իր ընտանիքը կրնան ապրին և ուրիշներին ալ կրնան օգնիլ վերջիվերջո: 

Տանը թե դրսում պատերազմի և գերության մասին չեն խոսում, տնեցիներն ասում են՝ Նարեկը այնպես է տարվել թռչնաֆաբրիկայով, որ իրենց է սրտապնդում. նա ընտանիքի 3 որդիներից միջնեկն է.

Ամալյա Ռամազյան (Նարեկի մայրը) - Արդեն ինքն ա ինձ հույս տալիս՝ «մամ ջան, լավ դի ըլիլ»: Մենք էլ ամեն ձևով աջակցում ենք, նայում ենք օրվա իր տրամադրությանը: 

Նորաթուխ ձեռներեցը տնտեսությունը վարելու, թևավորների հետ վարվելու որոշ հմտություն է ձեռք բերել, վստահ գործի անցել: Արդեն ձվերն են հաշվում: Օգնականը փոքր եղբայրն է. 6-ամյա Ալենի սուր աչքից ոչ մի ձու չի վրիպում:

Նարեկ Ամիրջանյան - Օրական տալիս են 150-200 ձու, երեկ մոտ 100-120 հատ ձու է եղել: Ձուն պատրաստում ենք վաճառքի, վաղվանից սկսելու ենք վաճառել: 

Նարեկը արդեն ապագայի ծրագրեր է մշակում, առաջիկա 2 տարում 300 թռչունը կկրկնապատկի, կընդլայնի բիզնեսը: 18 տարի Ռուսաստան աշխատանքի մեկնող հայրն էլ է վերադարձել՝ թև ու թիկունք կլինի:

Հեղինակ՝ Գայանե Թամամյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում