Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի նոր շտամների շրջանառության հետ կապված անհանգստության նոր ալիքներ են բարձրանում, բայց Հայաստանում պատվաստումների թիվը դեռ բավարար չափի չի հասել, ինչո՞ւ: Պաշտոնյաներն են արդեն տարբեր ամբիոններից քաղաքացիներին հորդորում պատվաստվել: Ոլորտի գլխավոր պատասխանատուն կարծում է, որ նախընտրական շրջանում մարդիկ այլ բանի վրա էին կենտրոնացած: Ընտրություններն ավարտվեցին, աստիճանաբար պատվաստման թվերի աճ կգրանցվի,-վստահ է առողջապահության նախարարը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար) - Ընտրություններից հետո՝ այս շաբաթվա ընթացքում մենք արդեն մի օր ունեցել ենք, որ 3 հազարից ավելիմի օրում պատվաստում ենք ունեցել: և այս տեմպը պիտի ֆիքսենք և ավելի մեծ թիրախներ մեր առաջ դնենք:
Մինչև օրս Հայաստանում իրականացվել է 80 հազարից ավելի պատվաստաում: Որևէ միջադեպ, անցանկալի հետևանք մինչև օրս չեն գրանցվել, հիշեցնում է Անահիտ Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյան - Բազմիցս նշել ենք, որ պատվատսումային գործընթացի արդյունավետությունը կապված է դրա՝ միաժամանակյա՝ շատ կարճ ընթացքում իրականացնելու հետ: եթե մենք ստեղծենք հանրային իմունիտետի շերտը կխոչընդոտենք, որպեսզի վիրուսը անընդհատ փոխանցվելով մուտացվի և պատվաստանյութերն էլ դրանց նկատմամբ անընդհատ պետք է վերանայվի, արդյոք արդյունավետ են, թե՝ չէ:
Ի դեպ, փոփոխություն է կատարվել «Սպուտնիկ V»-ով պատվաստման կարգում: Եթե նախկինում ռուսական պատվաստանյութով Հայաստանում կարող էին պատվաստվել միայն ռիսկի խմբի՝ 18-54 տարեկան քրոնիկ հիվանդները, բուժաշխատողներն ու սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, ապա նոր կարգով հուլիսի 1-ից «Սպուտնիկ V» պատվաստանյութը հասանելի է նաև 18 տարեկանից բարձր բոլոր այն անձանց համար, ովքեր կցանկանան, կդիմեն, որ դրանով պատվաստվեն: Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանում պատվաստվել ցանկացող անձինք իրենց կամքով կարող են ընտրել մեր երկրում եղած երեք պատվաստանյութից որն էլ ցանկանան՝ անկախ տարիքային խմբից, մասնագիտությունից կամ ռիսկի խումբ լինել-չլինելուց:













