Պետությունը աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը

ՌՌոզա Խաչատրյան

Մարգարիտ Հարությունյան (խնամատար ծնող) - Երեխաներին ինչ է պետք: Ցանկացած երեխայի եթե հարցնեք, կասի՝ մամաս, պապաս կողքս լինեն:

Մարգարիտա Հարությունյանը դեռ 16 տարի առաջ որոշեց՝ թույլ չի տալու 1 և 5 տարեկան աղջիկները մանկատանը կամ խնամքի որևէ կենտրոնում մեծանան ու դարձավ նրանց խնամատար ծնողը:

Մարգարիտ Հարությունյան (խնամատար ծնող) - Որտեղ դիմում էի, ասում էին՝ մանկատուն, երեխաների խնամքի կենտրոն, գիշերօթիկ դպրոց: Ես իհարկե հրաժարվել եմ, որովհետև երեխաները ջերմությունը ընտանիքից են ստանում, երեխան կդիմանա, սովին էլ կդիմանա, ցրտին էլ կդիմանա, բայց երեխայի համար կարևորը ընտանիքն է:

Երեխայի հիմնարար իրավունքներից է ընտանիքում ապրելու իրավունքը: Այդ նպատակով տարիներ առաջ մեկնարկեց խնամատարության ինստիտուտը, որն ավելի կարևորվեց, երբ փակվեցին գիշերօթիկները: Այսօր 60 խնամատար ընտանիքում ապրում է 83 երեխա։

Անահիտ Հովհաննիսյան (ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ) - Երևանում քաղաքապետի, մարզերում՝ մարզպետի կարգադրությամբ ստեղծված բազմամասնագիտական խմբերի կողմից իրականացվում է համադրում երեխաների տվյալների և խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց: Խնամատարությունը ֆիքսվում է պայմանագրի միջոցով կնքված երկկողմ կամ եռակողմ, երբ երեխան ունի օրինական ներկայացուցիչ:

«Խնամատար ծնող կարող է դառնալ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացին: Այդ իրավունքը նա պետք է ձեռք բերի վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո: Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18-ից ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի: Իսկ խնամատար ծնողի տարիքը չպետք է գերազանցի 55-ը: Ընտանեկան օրենսգրքի նախագծային տարբերակում նախարարությունն առաջարկում է խնամատար ծնողի տարիքային շեմը սահմանել 65-ը»:

Անահիտ Հովհաննիսյան (ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ) - Օրենսդրությունը նշում է, որ խնամատարությունը երեխայի խնամքի կազմակերպման ժամանակավոր ձև է, այստեղ կարևոր է այս բառի շեշտադրումը, որպեսզի նկատի ունենանք, որ խնամատարության ամբողջ ընթացքում իրականացվում է երեխայի և կենսաբանական ընտանիքի վերամիավորմանն ուղղված աշխատանք, ինչը որդեգրման պարագայում, բնականաբար, արդեն հնարավոր չէ:

Որդեգրման հետ շփոթել պետք չէ: Այն այլընտրանքային խնամքի հիմնական եղանակ է, իսկ խնամատարությունը որոշակի ժամանակով է: Երեխան գտնվելով խնամատար ընտանիքում՝ կարող է որդեգրվել:

Անահիտ Հովհաննիսյան (ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ) - Խնամատար կարող են դառնալ նաև երեխայի հետ ազգակցական կապ ունեցող մարդիկ, սակայն այստեղ շատ կարևոր է խուսափել շահադիտական նպատակներով խնամքը ստանձնելուց որպես խնամատար ծնող:

Հարազատները որպես խնամատար ծնող կարողանում են երեխայի խնամքը ստանձնել բացառապես այն պարագայում, երբ երեխան զրկվում է իր կենսաբանական ընտանիքում ապրելու հնարավորությունից: Այդպես իր թոռնուհու խնամատար ծնողը դարձավ Ալվարդ Հարությունյանը:

Ալվարդ Հարությունյան (խնամատար ծնող) - Ես երեխային խնամում եմ մենակ, առանց ծնողների, 2009 թվականից: Նրա մայրը 2009-ին գնացել է, իսկ իմ տղան մահացել է 2007-ին:

Խնամատար ծնող դառնալու ճանապարհը հեշտ չէր, ասում է՝ բազմաթիվ դռներ է ծեծել, բազմաթիվ մերժումներ լսել, մինչև հաջողվեց: Թոռնուհին մարտին չափահաս է դարձել, պետական աջակցություն էլ չեն ստանում, բայց մինչ այդ ստացած գումարով կարողացել են իրենց կարիքները հոգալ:

Ալվարդ Հարությունյան (խնամատար ծնող) - Դա շատ մեծ գումար է, որ նեղ մարդկանց կհանի էդ նեղության միջից:

Այդպիսի ընտանիքներում մեծացող յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող ամսական վարձատրությունը նվազագույն աշխատավարձի չափ է:

Անահիտ Հովհաննիսյան (ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ) - Նաև ֆինանսական միջոցներ են տրվում երեխայի խնամքի կազմակերպման համար: Ընդհանուր առմամբ կազմում են շուրջ 150 հազար դրամ ամսական:

2019-ից գործում է Կառավարության որոշում, որի համաձայն 18-23 տարեկան անձինք ևս կարող են խնամատարությամբ իրենց խնամքը կազմակերպել: Սա վերաբերում է այն անձանց, ովքեր պատկանում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին, որոնց նկատմամբ 18 տարին լրանալու օրվա դրությամբ սահմանված է եղել խնամատարություն կամ խնամակալություն, կամ նրանք խնամք են ստացել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում