Բուսաբանության ինստիտուտը նոր կանաչ անկյուն ունի

ԱԱննա Ավետիսյան

Նոր կանաչ անկյուն՝ մայրաքաղաքում: Էկոէպիկենտրոնն է՝ Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի նոր անկյունը: Այստեղ սովորեցնում են ճանաչել, պահպանել Հայաստանի բնությունը: Շաբաթներ առաջ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը բացված այս վայրում կարելի է ծանոթանալ Հայաստանի կենսաբազմազանությանը, լսել վտանգված բույսերի ու կենդանիների մասին:

Զեմֆիրա Մելքոնյան, Էկոէպիկենտրոնի էքսկուրսավար - Այստեղ ունենք մասրենի, սա պիստակենին է, տանձենիների տեսակներ կան: Այստեղ ներկայացված են տանձենիների վայրի ցեղատեսակները:

Երբ ասում են՝ մեր բնությունը բազմազան է, պետք է հասկանալ ասածի իմաստը՝ նշում են կենտրոնից: Այստեղ կարելի է լսել բույսերի դերի մասին կենցաղում՝ նույնիսկ տուն սարքելու գործում: Այս մեկը, օրինակ, ծղոտից է: Կանաչ անկյունը միայն ցուցահանդես չէ, նաև ուսումնասիրությունների վայր է:

Անուշ Ներսեսյան, Էկոէպիկենտրոնի ղեկավար - Մեր կենտրոնում նախապատրաստել ենք էքսկուրսավարներ, որոնք հետաքրիր ձևով պատմում են մարդ-բնություն կապի մասին: Բնությունից դուրս պահպանում ենք բույսերի այն տեսակները, որոնք վտանգված են: Որոշ բույսեր նաև բազմացնում ենք և մտադիր ենք վերադարձնել բնություն:

Հայաստանի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնում վստահ են՝ ցուցանմուշները կհետաքրքրեն ոլորտի մասնագետներին, նաև դպրոցականներին: Օգտակարն էլ կարելի է հաճելիի հետ համատեղել՝ խաղալ ու սովորել: Կանաչ անկյունում նախապատրաստվում են նաև միջոցառումների:

Սոնա Ազնավուրյան, Էկոէպիկենտրոնի ադմինիստրատոր - Բացի հիմնական էքսկուրսիայից, պլանավորում ենք կազմակերպել դասընթացներ՝ նվիրված Հայաստանի կենդանիներին և բույսներին: Պլանավորում ենք նաև ունենալ աշխատարաններ, երբ երեխաները կկարողանան ինչ-որ բան իրենց ձեռքով պատրաստել: 

Կենտրոնից նշում են՝ մեր երկիրը բազմազան ու հարուստ է, բայց շատ բույսերի տեսակներ վտանգված են: Պետք է դրանց մասին պատմել մարդկանց, որ ճանաչեն, սիրեն, պահպանեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում