Վերջին 4 օրում երեխաների թունավորման դեպքեր Երևանի 2 մասնավոր մանկապարտեզներում

Ծնողները մանկապարտեզից զանգ էին ստացել, թե՝ ձեր երեխան իրեն լավ չի զգում: Մինչև հասել էին մանկապարտեզ, բոլոր երեխաները շտպօգնությունով արդեն տեղափոխված էին եղել ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն:

Ժաննա Համբարձումյան (ծնող) - էնքան արագ են կազմակերպել հիվանդանոց տեղափոխելը, որ մենք չենք հասցրել գնանք պարտեզ, հասել ենք 5 րոպեի տարբերությամբ:

Ծնողներն ասում են՝ ամեն ինչ տեղի է ունեցել նախաճաշից 1-2 ժամ անց: Ճաշացանկն առավոտյան տեսել էին: Մոտավորապես գիտեն, թե ինչ պետք է կերած լինեն երեխաները:

Ժաննա Համբարձումյան - Ցանկում առաջինը կաթնաշոռ-թթվասերն է, շոգու վրա, բայց իրանք անպայման տաքացնում են:

Դեպքը տեղի է ունեցել Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկում հունիսի 7-ին: Հիվանդանոց տեղափոխված 11 երեխայից 5-ին հենց նույն օրը վիճակի լավացումով տուն էին ճանապարհել: 6-ը մինչև օրս դեռ ստացիոնար բուժում է ստանում, բայց սա վերջին օրերի մասսայական թունավորման միակ դեպքը չէր: Հունիսի 9-ին նույնպես, դարձյալ Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկում, երեխաների թունավորում է արձանագրվել:

Նաիրա Ստեփանյան (Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Ամսի 9-ին ևս հոսպիտալացվեց 8 երեխա: Այդ երեխաները ևս ունեին նույն ախտանիշները, հոսպիտալացումը օրվա երկրորդ կեսին էր, ժամը 5-ից հետո տուն էին գնացել և զարգացել էին նշանները:

Տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Արշակ Ղազարյան (Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի առաջին բաժանմունքի վարիչ) - Մեր բաժանմունքում այս պահին բուժում է ստանում «Վինի Թուք» մանկապարտեզից 6 երեխա, և «Ծիածան» մանկապարտեզից՝ 4 երեխա: Բոլորի վիճակը բավարար է: Ստանում են համապատասխան բուժում: Դիտվում է դրական դինամիկա, և պատրաստվում ենք մոտ օրերս դուրս գրել ստացիոնար բուժումից:

Սննդի անվտանգության պետական ծառայունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է փորձաքննությունը: Երկու մանկապարտեզից էլ սննդի նմուշները վերցվել են, պատասխանը պարզ կլինի հավանաբար երկուշաբթի: Եթե պարզվի, որ թունավորումը մատակարարվող սննդից է, պատասխանատվությունը արտադրող ընկերությանը կլինի: Եթե տեղում՝ մանկապարտեզում պատրաստված սննդից, ապա մանկապարտեզների գործունեությունը կկասեցվի: ՍԱՊԾ-ն երկու մանկապարտեզում էլ նաև վերահսկողական ստուգումներ է սկսել: Չի բացառվում՝ թունավորումը ոչ թե սննդից, այլ սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանելուց լինի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում